Անհաջող և հաջողված հացկերույթ
Կյանքը մեկի համար տառապանք է, մյուսի համար՝ երջանկություն: Մեկի համար հավատը ստրկամտություն է, մյուսի համար՝ օրհնություն: Շատ բաներ կան, որ մեկի համար անեծք է, մյուսի համար՝ օրհնություն:
Հիսուսին հրավիրել էին մի իշխանավորի տուն՝ հաց ուտելու (Ղուկ.14.1-24): Հիսուսին այնտեղ սպասում էին, բայց ոչ թե օրհնվելու, Նրա իմաստությանը հաղորդակից լինելու համար, այլ Նրան փորձելու համար: Եվ մի հիվանդ մարդ էին բերել, որպեսզի ստուգեին, թե արդյո՞ք շաբաթ օրը Հիսուսը կբժշկի: Հիսուսն իհարկե Հոգով գիտեր նրանց մտադրությունը:
«Եւ Յիսուսը պատասխանեց եւ օրինականներին եւ փարիսեցիներին ասեց թէ արժա՞ն է շաբաթ օրը բժշկութիւն անել։ Եւ նորանք լռեցին»: Ղուկ.14:3-4:
Հիսուսին ոչ ոք հարց չէր տվել, բայց Նա հստակ իմանալով փարիսեցիների նպատակը, պատասխանեց նրանց մտադրությանը: Չնայած գրված է «պատասխանեց», բայց փաստորեն Հիսուսն Ինքը հարց տվեց, և Նրա հարցի մեջ կար հարցի պատասխանը: Հիսուսի հարցն ըստ էության հետևյալն էր.
«Ի՞նչ եք կարծում, Աստված սահմանելով շաբաթ օրը, դրանով սահմանափակե՞ց բարի գործելը: Մի՞թե Աստված ասել է շաբաթ օրը բարի գործեր չանեք: Իհարկե՝ ոչ»:
Փարիսեցիները գտնում էին, որ շաբաթ օրը որևէ գործ անել չի կարելի, որպեսզի չքանդվի Աստծո օրենքը: Հիսուսը սակայն չքանդեց Աստծո օրենքը, այլ ընդհակառակը՝ կատարեց, քանի որ Աստված մարդուն առողջ է ստեղծել, առանց հիվանդության: Հիվանդությունն է հակառակ Աստծո օրենքին:
Արդյունքում հիվանդը, ում բերել էին Հիսուսի դեմ օգտագործելու նպատակով, բժշկվեց, և հակառակորդները լռեցին:
Բայց հացկերույթը դրանով չավարտվեց: Հիսուսը դեռ ասելիք ուներ: Նա ներկաներին խորհուրդ տվեց, որ երբեք իրենք չբարձրացնեն իրենց, այլ թույլ տան, որ Տերը բարձրացնի:
«Որովհետեւ ամեն ոք, որ իր անձը բարձրացնում է՝ կ’խոնարհուի. եւ ով որ իր անձը խոնարհեցնում է, կ’բարձրանա»: Ղուկ.14:11
Հիսուսն ասելիք ուներ նաև խնջույքի կազմակերպչին: Նրան Հիսուսը հորդորեց խնջույքի հրավիրելիս առաջնորդվել ճիշտ շարժառիթով: Հացկերույթի լավագույն հյուրը հիվանդն էր, որը բժշկվեց: Հիսուսը կցանկանար, որ բոլոր կանչվածները լինեին այդ հիվանդի նման: Ու հենց դա Հիսուսը խորհուրդ տվեց խնջույքի կազմակերպչին:
Հիսուսն առակ պատմեց, որն ավարտեց հետևյալ խոսքերով.
«…Այն կանչուած մարդկանցից ոչ մէկն իմ ընթրիքը չի ճաշակի»: Ղուկ.14:24:
Երկնքում խնջույք է պատրաստված մեզ համար: Մեզնից պահանջվում է միայն չմերժել Հիսուսի հրավերը:
Երանի՜ նրան, ով կընդունի Աստծո հրավերը և մինչև վերջ հավատարիմ կսպասի երկնային խնջույքին: