Ապագայի բանալին
Եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը վերջերս մեկնել էր Ռիգա՝ մասնակցելու «Նոր սերունդ» շարժման հիմնադիր և ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևի 60-ամյակին նվիրված համաժողովին ու միջոցառումներին:
Մարտի 20-ի կիրակնօրյա ծառայության սկզբում հովիվը կիսվեց իր տպավորություններով՝ Ռիգայի եկեղեցում տիրող ազատության և ուրախության մթնոլորտի մասին:
Իր կիրակնօրյա պատգամը հովիվը կառուցել էր Եփեսացիների 3:20-21 խոսքերի հիման վրա.
«Արդ Նրան, Ով կարող է խիստ առատությամբ մեր խնդրածից կամ խորհածից շատ ավելին անել, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, Նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր դարերում, հավիտյանս հավիտենից: Ամեն»:
Աստված մեր խնդրածից և անգամ մեր գիտեցածից ավել է ուզում տալ մեզ: Իսկ մենք հաճախ ճանապարհային քարտեզ ենք գծում ու Աստծուն ասում ենք, որ հենց այդ ենք ուզում:
Բայց Աստված ասում է, որ մեր ճանապարհներն Իր ճանապարհները չեն:
Աբրահամի միակ խնդիրը զավակ ունենալն էր: Բայց Աստված ասաց, որ ոչ միայն զավակ կտա նրան, այլև սերունդներ կտա և բոլոր ազգերը նրա սերնդով կօրհնվեն:
Հետևաբար պետք չէ սահմանափակվել միայն քո խնդիրներով: Աստված մեզ կանչել է, որպեսզի իրականացնենք մեզ համար նախասահմանված ծրագրերը հավիտենության մեջ: Մենք կանչված ենք Աբրահամի սերնդով՝ Հիսուսով օրհնություններ ժառանգելու համար:
Քիչ չեն դեպքերը, երբ մեր խնդիրներն ու Աստծո ծրագրերը կոնֆլիկտի մեջ են: Թո՛ւյլ տուր, որ քո կյանքում կատարվեն Աստծո ծրագրերը և քո խնդիրները չխանգարեն դրանց:
Երբ Մարկոս 5:1-20-ում նկարագրված դիվահարը բժշկվեց, նա խնդրում էր, որ Հիսուսի հետ լինի: Բայց Հիսուսն ավելի մեծ բան էր նախատեսել նրա համար՝ Հիսուսը նրան ուղարկեց քարոզելու:
Ուրեմն դու էլ Տիրոջից միայն մի խնդրիր, որ քո խնդիրը լուծվի, այլ խնդրիր, որ քո խնդիրը լուծվելուց հետո մտնես Տիրոջ նախասահմանության մեջ:
Սեփական լրատվություն