Առանց ապագայի ներկան որբ է
Ուրախությունն ավելի լավ է, քան մտահոգությունը: Ուրախությունն ավելի հզոր է, քան տխրությունը: Պողոս առաքյալը, ինքը լինելով բանտում, մեզ պատվիրում է.
«Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք»: Փլպ.4:4:
Բայց ինչպե՞ս ուրախ լինենք, ո՞րն է ուրախ լինելու ճանապարհը:
Շատերը կարծում են, թե իրենց կյանքը, իրենց ուրախությունն ու օրհնությունները որոշվում են միայն ներկայով: Բայց եթե անցյալը վատն է, իսկ ապագան՝ անորոշ, ապա քո ներկան չի կարող լավը լինել:
Քո երջանկությունը կախված չէ միայն ներկա իրավիճակից: Ներկան կախված է և՛ անցյալից, և՛ ապագայից:
Հիսուսը ջնջեց մեր անցյալը, որպեսզի անցյալի մեղքերը չազդեն մեր ներկայի և ապագայի վրա: Սակայն մենք՝ հայերս, շատ ենք կապված մեր հանգուցյալների հետ, նրանց հետ, ովքեր արդեն անցյալ են: Նրանց պետք է հիշել, բայց նրանց հետ մշտապես կապված լինելը արգելակում է քո ներկայի ուրախությունը:
Գուցե շատերը չհամաձայնեն, բայց եթե ուզում ես երջանիկ լինել, խզիր քո կապերը ննջեցյալների հետ: Չի կարելի անցած բաները կուռք դարձնել: Կուռքը թույլ չի տալիս, որ նոր կյանք ստեղծես, նա ամուր պահում է հինը ու չի թողնում, որ ուրախ լինես: Եթե մեկը, ով կորցրել է կնոջը կամ ամուսնուն, կապված է մնում ննջեցյալի հետ, նա չի ամուսնանա: Իսկ Աստվածաշունչն ասում է՝
«Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. Բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով»: 1Կոր.7:39:
Եթե մարդը ֆիզիկապես այլևս քո կողքին չէ, արձակի՛ր նրան, նա արդեն Տիրոջն է պատկանում, ոչ թե քեզ: Քանի դեռ չես ազատվել հին բաներից, նոր բաները չեն գա քո կյանքում
Հիսուսը բոլորի աչքի առաջ երկինք համբարձվեց, որպեսզի ոչ մեկի սրտում ինքը չմնա որպես մարմնավոր: Հիսուսը գնաց, որպեսզի գա Սուրբ Հոգին: Հիսուսը բազմաթիվ անգամ զգուշացրեց, որ քո ներկա հարստությունը երջանկության աղբյուր չի կարող լինել (Ղուկ.12:13-31): Իսկապես հարուստ և ուրախ է նա, ում կյանքում ապագա կա: Ներկան առանց ապագայի որբ է:
Վերստին ծնված քրիստոնյայի ապագան Երկնային արքայությունն է.
«Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը, Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար»: 1Պետ.1:3-4:
Մեր վերստին ծնունդը անմիջական կապ ունի մեր ապագայի հետ, ինչն էլ անսպառ ուրախության աղբյուր է: Եթե քո մտքերը լինեն ոչ թե անցյալի, այլ ապագայի հետ երկնքում, դու ինքնըստինքյան կուրախանաս:
Փառք Տեր Հիսուսին, որ ներեց մեր անցյալը և մեզ փառավոր ապագա ցույց տվեց:
Տ.Թադևոսյանի 28.10.2018թ. կիրակնօրյա պատգամից: