Արդարացում հավատքով
Հաճախ մենք մոռանում ենք Տիրոջ շնորհքի մասին, բայց մեզ հարկավոր է ուղղակի այն Տիրջից ընդունել հավատքով: Աստված արդեն ամեն բան արել է իմ ու քո փոխարեն: Կրոնը ասում է, որ լիառատ կյանք ունենալու համար մենք պետք է մեծամեծ ջանքերով դա վաստակենք, բայց մեր Տերն արդեն ամեն բան արել է մեզ համար: Տերն ուզում , որ մենք ոչ միայն ապաշխարենք այլև վերափոխենք մեր միտքը, որովհետև իրական ապաշխարությունը վերափոխված միտքն է:
Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, եւ նորանցից մէկը կորցնէ. չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան։ Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կ’դնէ նորան։ Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կ’կանչէ եւ նորանց կ’ասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ։ (Ղուկաս 15:4-6)
Այս խոսքից երևում է բարի հովվի գործողությունները, թե Նա ինչպես է փնտրոմ, գտնում և ուրախանում գտնված գառան համար: Իսկ ո՞րն է գառնուկի գործողությունը: Գառնուկը ցանկանում է գտնված լինել:
Ապաշխարությունը ցանկություն է՝ Տիրոջ կողմից գտնված լինելու: Տերը սպասում է, որ դու ցանկանաս սիրտդ բացել՝ Իր կողմից գտնված լինելու համար: Հասկանալով, որ մարդկային ջանքերը իզուր են՝ հանձնվես Հիսուսին և սկսես հավատալ ու վստահել միայն Նրան: Եվ սա խոսում է Տիրոջ շնորհքի մասին, որը կրոնը չի կարողանում ընդունել:
Մատթեոսի 27-րդ գլխում գրված է,թե ինչպես Հուդան զղջաց, նա նույնպես ապաշխարեց, բայց ինչո՞ւ փրկություն չգտավ, որովհետև փորձեց ինքնաարդարացմամբ, իր ուժերով թողություն գտնել: Տերը դեմ է ինքնաարդարացմանը, դա բոլոր մեղքերի արմատն է:
Ադամն ու Եվան թզենու տերևներով փորձեցին ինքնաարդարություն գտնել; Տերն ուզում է, որպեսզի հրաժարվենք ինքնաարդարացման անեծքից, որպեսզի մեր կյանքում գործի հավատքը:
Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կ’լինին։ (Հռոմ. 5։19)
Հիսուս Քրիստոսի հնազանդությամբ մենք այսօր արդարներ ենք։ Աստված չի նայում մեր գործերին, մեր ապրած կյանքին, Նա չի սիրում մեզ` մեր արժանիքների համար, այլ Նա նայում է Հիսուս Քրիստոսին, Նրա կատարած գործին ու օրհնում է մեզ:
Աստված ունի օրհնության գետ, ու մենք պետք է պատրաստ լինենք հավատքով այդ գետերը ընդունել մեր կյանքերում:
Մենք կարիք չունենք մտահոգվելու, թե արդյոք ընդունված ենք Հոր կողմից թե ոչ, որովհետև Հայրն ընդունում է Հիսուսին և, ընդունելով Հիսուսին, ընդունում է նրանց, ովքեր ընդունում են Հիսուսին:
Սատանայի զենքն է մեր մտքի վրա ազդելը։ Եթե դու կարողանաս մտքումդ հաղթել այդ ազդեցությանը, արտաքին թշնամին արդեն վտանգավոր չի լինի:
Հիմնական շեշտը ոչ թե այն է, թե մենք ինչքան ենք արդար, ինչպես ենք ապրում, ինչեր ենք անում, ինչքան ենք ծառայում, որովհետև միևնույն է անթերի լինել ու Աստծո սրբությունը բավարարել չենք կարող, այլ այն, թե ում անունով և ինչ հավատքով ենք արդարանում: Գործածիր քո կյանքում ճշմարիտ հավատք, ու դու կկարողանաս մնալ սրբության մեջ: