Արդարությունը և Ճշմարտության Հոգին
«Նոր սերունդ» եկեղեցու ապրիլի 26-ի կրակնօրյա ծառայության պատգամախոսը հովիվ Տիգրան Թադևոսյան էր.
Արդարությունը և ճշմարտությունը եղբայրներ են: Առաջին հայացքից դրանք գրեթե նույնն են: Սակայն կա որոշակի տարբերություն: Ո՞րն է այդ տարբերությունը:
Հովհ 1:17-ում գրված է.
«Օրէնքը Մովսէսի ձեռով տրուեցաւ,. շնորհքը եւ ճշմարտութիւնը՝ Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ»։
Արդարությունը վարք է: Արդարները նրանք են, ովքեր կատարում են օրենքն ու պատվիրանները: Բայց օրենքն ամբողջությամբ կատարելն անհնար է: Հիսուսը եկավ, որ մեր փոխարեն կատարի օրենքը և արդարացնի մեզ: Հիսուսը ճշմարտությունն էր ու շնորհք բերեց մարդկությանը:
Ճշմարտությունը դիրքորոշում է: Եբրայերենում ճշմարտությունը նշանակում է Աստծո իրականություն:
Աստվածաշնչում գրված է. «Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են» (Սաղմ.97:2)։ Թեև արդարությունն ու իրավունքը Աստծո աթոռի հիմքերն են, բայց ճշմարտությունը Աստծո մթնոլորտն է, Աստծո իրականությունը:
Արդարության արդյունքը դատաստանն է: Ճշմարտության պահանջներն ավելի խիստ են: Ճշմարտության պահանջները կատարելու համար դու պետք է լցվես Ճշմարտության Հոգով և Նա կկատարի ճշմարտության պահանջները:
Չկա արդարություն առանց ճշմարտության:
«Եվ իրավունքը ետ է դարձել, և արդարությունը՝ հեռու է մնում, որովհետև ճշմարտությունն ընկել է հրապարակում»: Ես.59:14:
Երբ ճշմարտությունը մի պահ սայթաքեց, արդարությունն ու իրավունքը դադարեցին գործելուց:
Ճշմարտությունը սայթաքեց, երբ Հիսուսը խաչի վրա էր: Բայց Ճմարտությունը հարություն առավ: Եվ այն Հոգին, որ հարություն տվեց ճշմարտությանը, հարություն կտա նաև քեզ:
Ճշմարտության հետ գալիս են նաև շնորհն ու ողորմությունը. «Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն»: Սաղմ.85։10:
Եթե սպասել ես, ու չես ստացել, հուսահատվել ես, հիասթափվել ու կարծում ես, թե արդարությունը վերացել է, իմացի՛ր, որ կա մի առկայծող պատրույգ, որն Աստված չի թույլ տվել , որ հանգչի: Դա ճշմարտության կրակն է: Հեռու մի գնա այն վայրից, ուր այցելում է Աստված: Աստված ողորմած է: Ողորմությունը Աստծո ճշմարտությունն է, այն ավելի բարձր է, քան արդարությունը:
Լցվիր Ճշմարտության Հոգով ու կգտնես նաև արդարություն:
Սեփական լրատվություն