Արտահայտիչ հավատք
Կա հավատք, որը թաքնված է սրտում: Կա հավատք, որը երևում է գործերով:
Եբրայեցիներն ամբողջ կյանքում ապրել էին հավատքով, բայց դա չխանգարեց, որ Պողոս Առաքյալը նույնիսկ նրանց բացատրեր, թե ինչպես պետք է արտահայտել հավատքը:
Եբրայեցիների ուղերձի 11-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հավատքի արտահայտմանը: Հիշենք դրանցից երեքը.
«Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն»: Եբր.11:4: Հաբելը հավատքով գործողություն կատարեց՝ պատարագ մատուցեց: Իր հավատքը նա արտահայտեց գործողությամբ: Հաբելը զոհաբերեց ամենալավը և Աստված նկատեց նրա զոհը:
«Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար»: Եբր.11:7: Նոյը նույնպես իր հավատքը դրսևորեց գործողության միջոցով՝ տապան կառուցեց հանուն փրկության:
«Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. Եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում»։ Եբր.11:8: Աբրահամը հավատաց, հնազանդվեց Աստծո Խոսքին և իր հավատը դրսևորեց գործողությամբ՝ դուրս եկավ ու գնաց, ինքն էլ չիմանալով, թե ուր:
Հավատքով հնազանդվել՝ նշամակում է կատարել առանց քննարկելու, նույնիսկ առանց հասկանալու: Հավատքով հնազանդվել՝ նշանակում է փակել մարդկային սահմանափակ ուղեղի անմիտ դռները և բացել բոլոր դռներն Աստծո առաջ:
Հավատքով հնազանդվելու մեծագույն օրինակը Հիսուսի հնազանդությունն էր: Հայրը Նրան ասաց՝ կգնաս աշխարհ, կապրես հյուսնի ընտանիքում, Ինքդ էլ հյուսնություն կանես, կմկրտվես, Սուրբ Հոգին կգա Քեզ վրա, Քեզ կծեծեն, կստորացնեն, աշխարհի բոլոր մեղքերը, հիվանդություններն ու ցավերը կգան Քեզ վրա, բոլորը քեզ կլքեն, Ես էլ Քեզ կթողնեմ, Դու մենակ կմնաս, Քո սիրտը չի դիմանա, Դու կմեռնես, կիջնես դժոխք, բայց երեք օրից Ես Քեզ հարություն կտամ, ու բոլորը ծունկի կիջնեն Քո առաջ: Հիսուսը հնազանդվեց ու փառավորվեց:
Հաբելը, Աբրահամը, Նոյը և, առաջին հերթին՝ Հիսուսը իրենց հավատը արտահայտեցին գործերով, արարքներով:
Դու էլ պետք է քո հավատքն արտահայտես գործերով: Ու ամենամեծ գործը, որ կարող ես անել դու, Ավետարանը քարոզելն է:
Այսպիսին էր «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա պատգամը փետրվարի 22-ին: