Արտահայտություններ, որ կարող են քայքայել ամուսնությունը

Արտահայտություններ, որ կարող են քայքայել ամուսնությունը
«Family First» («Առաջին հերթին ընտանիքը») կազմակերպության նախագահ Մարկ Մերիլլը Charisma ամսագրում գրում է այն բառերի ու արտահայտությունների մասին, որոնք կարող են դառնալ ընտանեկան հարաբերությունների կործանման պատճառ:
Իհարկե, այդպիսի «թունավոր» արտահայտություններից են, առաջին հերթին «Ես քեզ ատում եմ», «Երանի ընդհանրապես չհանդիպեինք» կամ դրանց նման այլ արտահայտությունները, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել ամուսնու և կնոջ հարաբերություններին:
Ստորև բերված են «թունավոր» արտահայտությունների հինգ օրինակ, որնցից պետք է խուսափել, եթե ցանկանում եք ընտանիքում լավ հարաբերություններ հաստատել:
1.Հեգնական նախադասություններ:
«Քեզ թվում է, թե աղբի դույլը ոտքեր ունի՞» կամ «Ես քո վարձու աղախինը չեմ» արտահայտություններն առաջին հայացքից այնքան էլ լուրջ խնդիր չեն, սակայն իրականում դրանք ամուսիններից մեկի թաքնված անբավարարության կամ չարդարացված սպասումների արդյունք են:
2.Անբարենպաստ բառեր:
Ամուսիններից յուրաքանչյուրն ակնկալում է լսել քաջալերող, ոչ թե որևէ բան անելու ցանկությունն իսպառ սպանող արտահայտություններ: Այնպիսի նախադասությունները, ինչպես «Հիմարություն է» կամ «Դու իսկապե՞ս կարծում ես, թե կարող ես դա անել» իրականում նշանակում են «Ես քեզ չեմ վստահում և չեմ հավատում, որ դու ընդհանրապես ի վիճակի ես որևէ բան անել»:  Իհարկե, ձեզնից չի պահանջվում լռել կամ կեղծել ինքներդ ձեզ, եթե ամուսնու (կնոջ) գաղափարը լավագույնը չէ: Բայց փոխանակ ասելու, թե դա ձեր երբևէ լսած մեծագույն զառանցանքն է, ավելի լավ է ասել. «Թերևս դա լավագույն տարբերակը չէ: Դու կարող ես ավելի լավ բան մտածել»: Դուք պետք է աջակցեք իրար, աջակցեք մեկդ մյուսի բոլոր ձգտումներին ու ցանկություններին: Այս դեպքում կհաստատվեն երջանիկ ու բարենպաստ ամուսնական հարաբերություններ: Դուք պետք է լինեք ձեր կողակցի ոչ թե քննադատը, այլ մեծագույն աջակիցը:
3.Անհարգալից բառեր:
Հարգանքն այն չէ, ինչը հնարավոր է վաստակել: Հարգանք պետք է ցուցաբերել անվերապահորեն: Անհարգալից արտահայտություններ են, օրինակ, «Չե՞ս կարող ավելի պատվաբեր աշխատանք ճարել», «Ես թքած ունեմ քո կարծիքի վրա, միևնունն է իմ ուզածն անելու եմ» կամ «Վայ, ահավոր չաղացել ես»: Սրանք վիրավորական ու տհաճ նախադասություններ են, որոնք կարող են նսեմացնել ամուսիններից մեկի ինքնագնահատումը:
4.Համեմատություններ:
Երբ մենք ասում ենք. «Իսկ այնինչը հանուն իր կնոջ կգնար ինքնազոհության և կաներ այն, ինչ խնդրում է կինը» կամ «Թե ինչու՞ դու բոլորի նման չես» իրականում նշանակում են, որ ձեր կինը կամ ամուսինը ձեզ համար բավականաչափ լավը չէ և ձեր սրտով չէ:
5.Եսասիրական բառեր:
«Ինձ չի հուզում, թե ինչպես ես քեզ զգում, դու պետք դա անես և վերջ», «Ինձ շտապ անհրաժեշտ է նոր շրջազգեստ», «Ինձ այնպիսի ամուսին (կին) էր պետք, որ բոլոր ցակություններս կատարեր»: Ամուսինը կամ կինը, ով իր շահերը ուրիշների շահերից բարձր է դասում, հաճախ են կրկնում «ես», «իմ», «ինձ» բառերը: Ամեն բան պտտվում է իրենց ցանկությունների և կարիքների շուրջը, իսկ դիմացինի կարիքներն ու իղձերը անտեսվում են:
Եթե դուք գոնե մեկ անգամ օգտագործել եք այս բառերը կամ արտահայտությունները, ապա անհապաղ պետք է ներողություն խնդրեք և զինվեք համբերությամբ, մինչև ձեր կողակիցը կբժշկվի այդ «թունավոր» բառերի հետևանքներից: Եթե կարողանաք ներել միմյանց, ապա ձեր հարաբերությունները կսկսեն վերականգնվել: Մի շտապեք խոսելիս, մինչև արտասանելը կշռադատեք ձեր արտահայտությունները: Խոստացեք ինքներդ ձեզ, որ երբեք չեք օգտագործի այս «թունավոր» արտահայտությունները, անգամ եթե դառնացած եք:
Աղբյուր՝ invictory.org

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ