Աշակերտները և ժողովուրդը
«Նոր սերունդ» եկեղեցու փետրվարի 10-ի կիրակնօրյա ծառայության պատգամախոսը եկեղեցու երիտասարդ ծառայող Գոռ Կարապետյանն էր: Խոսքը նվիրված էր աշակերտ և ժողովուրդ հասկացությունների ընդհանրություններին և տարբերություններին:
Պատգամախոսը, հենվելով աստվածաշնչյան մեջբերումների վրա, ցույց տվեց, որ այո, Հիսուսը եկել է բոլորի համար՝ և՛ աշակերտների, և՛ ժողովրդի: Սակայն կուռ և անթերի տրամաբանությամբ, կրկին հիմնվելով բացառապես Աստծո Խոսքի վրա ապացուցեց նաև, որ կա ահռելի տարբերություն աշակերտների և ժողովրդի միջև: Ժողովուրդը նրանք են, ովքեր հետևում են Հիսուսին, քանի որ Նա կերակրում է նրանց: Մինչդեռ աշակերտները հետևում են Տիրոջը, քանի որ Նա «հավիտենական կյանքի խոսքերն ունի»:
Ժողովուրդը նրանք են, ովքեր ընկնելով փարիսեցիների և դպիրների ազդեցության տակ, Հիսուսին դատապարտեցին մահվան, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ նույն այդ ժողովուրդը անասելի ցնծությամբ ու փառաբանությամբ էր ուղեկցում Նրա մուտքը Երուսաղեմ: Սակայն աշակերտը «ուրանում է իր անձը, վերցնում է իր խաչը» և գնում Հիսուսի ետևից:
Քարոզիչը վեր հանեց աշակերտների ևս մի շարք առավելություններ ժողովրդի նկատմամբ: Բայց աշակերտների և ժողովրդի հիմնական տարբերությունը, աշակերտին բնութագրող հիմնական հատկանիշը Աստվածաշնչի հետևյալ խոսքն էր.
«Սրանով կիմանան ամենքը թե Իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ Սեր ունենաք»: Հովհ.13:35:
Ուրեմն Սերն է բնութագրում աշակերտին, առանց նախապայման, անվերապահ, Աստվածային Սերը:
Խոսքի ավարտին պատգամախոսն իր կրակոտ աղոթքում խնդրում եր Աստծուն, որ ներկաներից ոչ ոք չլինի ժողովուրդ, այլ բոլորն աճեն մինչև աշակերտի կարգավիճակ և արժանանան էլ ավելի բարձր հոգևոր պարգևների:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն