Աստված փնտրում է երկրպագուներ
Ջրհորի մոտ Հիսուսը ջուր ուզեց սամարացի կնոջից: Նրանք զրույցի բռնվեցին և Հիսուսն ասաց՝ «Կին, հավատա ինձ…» (Հովհ.4:21): Հիսուսը փնտրում է մարդկանց, ովքեր հավատում են և հավատով երկրպագում են Իրեն, երկրպագում են Հոգով և ճշմարտությամբ:
Երկրպագությունն այն ամենակաևոր գործողությունն է, որ պետք է կատարի մարդը Աստծո հետ հարաբերվելիս: Երկրպագությունն ուղղակի հնչյուններ և նոտաներ չեն: Երկրպագությունը բխում է մարդու հոգուց, դա մարդու վերաբերմունքն է Աստծո նկատմամբ: Աստված Իրեն երկրպագողներին յուրահատուկ շնորհ է տալիս:
Հիսուսին ճանաչելու համար պետք է լինել Նրա երկրպագուն: Ոչ թե Նրա մասին իմանալու, Նրա ասածները լսելու, այլ Նրան ճանաչելու համար: Երբ մարդ երկրպագում է Հոգով և ճշմարտությամբ, Աստված բացում է Հիսուս Քրիստոսին: Ու մարդը ոչ միայն ճանաչում է Նրան, այլև ապրում է Նրանով:
Ինչո՞ւ Աստված ընտրեց Դավթին, ինչո՞ւ դարձրեց թագավոր, ինչո՞վ էր Դավիթը տարբերվում մյուսներից: Որովհետև Դավիթը երկրպագու էր: Իր երկրպագությամբ Դավիթը միանում էր Աստծուն: Երկրպագությունը նման է նոր գինու, որը մտնում է քո սրտի մեջ: Փոխվում է քո սիրտը, փոխվում ես դու: Դու դառնում ես Աստծո նման:
Դավիթը երկրպագության շնորհիվ գիտեր, որ լինելու է մի բան, որը դեռևս պահված է մարդկանցից: Դավիթը որդիական զգացում ուներ, նա Աստծուն Հայր էր համարում: Երկրպագության ժամանակ և երկրպագության շնորհիվ Դավիթը մարգարեացավ, զգաց, հասկացավ, որ գալու է Հիսուսը՝ իր Տերը. «Տերն իմ Տիրոջն ասաց…» (Սաղմ.110:1):
Աստծո Խոսքը, խորհուրդները, հայտնությոնները պահվում են Սուրբ Հոգու մեջ և տրվում են մարդկանց Հոգու միջոցով.
«Հայտնութիւնով ցոյց տրուեցաւ ինձ այն խորհուրդը, …որ ուրիշ դարերում մարդկանց զաւակներին ցոյց չ’տրուեցաւ. ինչպէս հիմա իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին յայտնուեցաւ՝ Հոգով»: Եփ. 4:3,5:
Երբ դու երկրպագությամբ ցույց տաս, որ դու ծարավ ես Իրեն, Նա կտա քեզ Իր Հոգին ու դու կտեսնես խորհուրդը:
Հիսուսը Երիքովով քայլում էր որպես թագավոր, որպես մեկը, ով գրավել է Երիքովը: Բայց կանգ առավ, երբ լսեց կույրի աղաղակը: (Մարկ.10:46-52): Նա կանգ առավ ոչ թե այն պատճառով, որ Իր անունն են տալիս, այլ լսելով Դավթի՝ մեծ երկրպագուի անունը: Նա լսեց մեկի անունը, ում սիրտը նման էր Իր սրտին: Աստված կանգ է առնում, երբ լսում է Իր երկրպագու որդիների անունը:
Դավիթը մոտեցել էր Աստծո սրտին: Նա ճանաչում էր Աստծուն և Աստված ճանաչում էր Դավթին: Դրա շնորհիվ Դավիթը համարձակորեն ասում էր՝
«Տէրն է իմ հովիւը. Եւ կարօտութիւն չեմ ունենալ»: Սաղմ.23:2:
Եվ ավելացնում՝
«Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ»: Սաղմ.23:6:
Հավատով փրկվում են, երկրպագությամբ մոտենում են Աստծո սրտին:
Տիգրան Թադևոսյանի 11.03.2017թ. կիրակնօրյա պատգամից