Ավարտվեց Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայողական այցը ԱՄՆ-ում
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը Օգոստոսի 19-ից սեպտեմբերի 9-ը ծառայողական այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հովվի այցելությունն անցել է խիստ հագեցված գրաֆիկով: Օրերն առավոտից մինչ երեկո անցել են հանդիպումներով, ծառայություններով և աղոթքներով: Ուղևորության ընթացքում հովվին ուղեկցել է դուստրը՝ Ժակլին Թադևոսյանը:
Հովիվը ծառայեց 8 եկեղեցիներում և վարեց 3 հաղորդում ICFN հեռուստատեսության «Աղոթքի ժամ» ուղիղ հեռուստահաղորդման շրջանակներում:
Սեպտեմբերի 6-ին Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Քալիֆորնիայի «Կյանքի Աղբյուր» եկեղեցում:
«Կյանքի Աղբյուր» եկեղեցու եկեղեցու հովիվ Նազարեթ Ժամկոչյանը կիսվեց իր տպավորություններով հովվի այցի մասին:
«Ուրախ էինք հյուրընկալելու Երևանի Նոր սերունդ եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանին: Հովիվ Տիգրանի ուղերձը շատ քաջալերական էր և տեղին:
Ընթերցելով Եբրայեցիների 7:18-19 խոսքը, հովիվ Տիգրանը կոչ արեց հավատացյալներին որդեգրել նոր մեթոդներ՝ առանց փոխզիջելու Ավետարանի հիմնական ուղերձը կամ Աստծո կողմից տրված սկզբունքները, ինչպես տասը պատվիրանները: Նա կոչ արեց, որպեսզի քրիստոնյաները չվախենան նոր մոտեցումներից՝ օրինակ բերելով երգերը, որոնք երգում էին եկեղեցիներում դարեր առաջ, այժմ այլևս եկեղեցիներում չեն հնչում: Այն պատճառով, որ մեզ շրջապատող աշխարհը փոխվում է, ապա մենք նույնպես պետք է փոխենք մեր ոճը, եթե ցանկանում ենք աշխարհի մարդկանց մոտեցնել Տիրոջը: Եկեղեցի եկած մարդիկ պետք է կարողանան մոտենալ Տիրոջը, և հին երգերը չպետք է խոչընդոտ դառնան դրա համար : Հատկապես երիտասարդների համար եկեղեցին պետք է գրավիչ վայր լինի՝ առաջադրելով ժամանակակից երաժշտություն ու երգեր: Նա ընդգծեց, որ կրոնը փոփոխություն չի ընդունում, քանի որ այն ամբողջությամբ հսկողության մեջ է: Իսկ Աստված կօգտագործի ամեն հնարավոր ճանապարհ՝ հասնելու կորսվածին և ազատ արձակելու նրան: Հովիվ Տիգրանը նաև խրախուսեց քրիստոնյաներին հաստատվել մեկ եկեղեցում, քանի որ օրվա մեջ մի քանի եկեղեցիների ծառայություններին հաճախելը մարդուն չի դարձնում հավատքի հասուն անձ, այլ հակառակը՝ դարձնում է անհնազանդ և ապստամբ: Նրանք, ովքեր ծառայում են եկեղեցում, հոգեպես աճում են:
Հովիվ Տիգրանի խոսքը հիշեցրեց ինձ Հիսուսի պատմած առակը՝ հին տիկերը նոր գինով լցնելու մասին: Քանի նոր գինին լցվում է հին տիկի մեջ, այն կպայթի և գինու կորուստ կլինի: Եվ այս սկզբունքը գործում է ցանկացած իրավիճակում:
Ծառայությունից հետո ես խոսեցի եկեղեցու մի քանի անդամների հետ, նրանք շատ քաջալերված էին և մոտիվացված Հովիվ Տիգրան Թադևոսյանի խոսքից» :
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 10-ի երեկոյան հովիվը կվերադառնա Հայաստան և սեպտեմբերի 13-ին կծառայի Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում, որտեղ նրան սպասում են մեծ կարոտով և նոր օրհնություններ վերցնելու ակնկալիքով: