Ավարտվեց հովիվ Տիգրան Թադևոսյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Փետրվարի 11-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք: Այցելության 20 օրերը ամբողջովին հագեցած էին բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով և ծառայություններով:
Ամերիկա հասնելու առաջին իսկ օրը հովիվ Տիգրան Թադևոսյանը հանդիպեց «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, ամերիկահայ հովիվ Թոնի Վարդանյանին: Վերջինս հայաստանցի հյուրին հրավիրեց նկարահանման ICFN (International Christian Family Network, Միջազգային քրիստոնեական ընտանեկան ցանց) հեռուստաընկերությունում: Դրան հաջորդեցին ևս երկու հրավերներ, որոնցից մեկն ուղիղ եթերում: Հովիվ Տիգրանի քրիստոնեական առողջ մոտեցումները լուրջ հետաքրքրություն առաջացրեցին հեռուստադիտողների և հեռուստաընկերության աշխատակիցների շրջանում: Հեռուստաընկերության հիմնադիր և սեփականատեր Վահե Մարանյանը հովվին հրավիրեց ճաշի, որի ընթացքում ձեռք բերվեցին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու և ICFN հեռուստատեսության միջև համագործակցության պայմանավորվածություններ:
Հեռուստատեսային յուրաքանչյուր հաղորդման հեռարձակման ընթացքում և դրանցից հետ հովվին զանգում էին ամերիկահայ շատ հավատացյալներ, շնորհակալություն հայտնում կենդանի Խոսքի համար, դիմում էին տարբեր հարցերով ու խնդրանքներով: (Հիշեցնենք, որ հովիվը մինչև ԱՄՆ մեկնելը «Նոր սերունդ» եկեղեցու կայքում իր պատրաստակամությունն էր հայտնել ԱՄՆ-ում հանդիպել բոլոր ցանկացողների հետ): Հովիվը սիրով ընդառաջ էր գնում բոլոր խնդրանքներին: Անհատական կամ ընտանեկան ծառայությունների արդյունքում եղան մտքի ոլորտի ազատագրություններ, բժշկություններ: Մի ամբողջ ընտանիք հովվի հետ հադիպումից, Աստծո Խոսքը լսելուց հետո ապաշխարեց, Հիսուսին ընդունեց որպես Տեր և Փրկիչ և հաստատվեց եկեղեցում:
Ամերիկայի հայկական ավետարանական երեք եկեղեցիների հովիվներ՝ Թոնի Վարդանյանը, Սաքո և Սալբի Քելեշյանները, Նազարեթ և Սոնա Ժամկոչյանները Հայաստանից ժամանած հովվին հրավիրեցին ծառայելու իրենց եկեղեցիներում: Հովիվը ծառայեց Վան-Նայս, Մոնտե Սիթո և Գլենդել քաղաքների եկեղեցիներում: Հատկանշական է, որ հովվի խոսքը լսելու էին գալիս ոչ միայն ավետարանական, բողոքական, այլև առաքելական եկեղեցու հավատացյալներ (Միացյալ նահանգներում չկա որևէ հակամարտություն քիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների միջև):
Եղան այլ եկեղեցիներում ծառայելու հրավերներ նույնպես, սակայն ժամանակի սղության պատճառով հովիվը հրաժարվեց դրանցից:
Տարբեր եկեղեցիների հոգևոր ծառայողների հետ մի շարք հանդիպումների ընթացքում եղան քննարկումներ ավետարանչության, եկեղեցու աճի, երկրպագության ձևի, ազատության և սրբության համադրության թեմաներով:
Հովիվն այցելեց «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, հայտնի քարոզիչ Քոլեթ Բոդուանի տուն: Քոլեթը բացակայում էր քաղաքից: Հովվին սիրով ընդունեց նրա ամուսինը՝ Ջերին: Սակայն երբ Քոլեթը վերադաձել էր տուն և իմացել, որ հովիվ Տիգրանն իր բացակայության ընթացքում այցելել է իրեն, ինքը կտրել էր հարյուրավոր կիլոմետրեր, այցելել հովվին և նրա հետ անցկացրել մի ամբողջ օր: Դա Սուրբ Հոգու ներկայությամբ անմոռանալի մի օր էր: Այդ հանդիպման արդյուքնում ևս ձևավորվեցին հետագա համագործակցության իրատեսական ծրագրեր:
Հաջորդ կիրակի՝ փետրվարի 17-ին, հովիվ Տիգրան Թադևոսյանը կիրակնօրյա պատգամից առաջ համառոտ կանդրադառնա ԱՄՆ կատարած իր այցին:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն