Ավետարանի իմաստը. Աստվածային ութ փոխանակում
«Նոր սերունդ» եկեղեցում մարտի 22-ի պատգամախոսը օծված քարոզիչ Հրաչ Մանուկյանն էր: Խիստ, սթափեցնող, խորհելու առիթ տվող խոսքը նվիրված էր Ավետարանի և ամբողջ Աստվածաշնչի էությանը:
Բոլոր հավատացյալները պնդում են, որ սիրում են Աստծուն: Բայց բոլո՞րն են արդյոք կատարում Նրա Խոսքը, Նրա պատգամները, բոլո՞րն են կարդում Աստվածաշունչը և առաջնորդվում նրանով: Գիտակցու՞մ են, թե ինչ է արել Աստված մարդու և մարդկության համար:
Նա փախանակում է կատարել. մարդուց վերցրել է ամեն վատը, ու փոխարենը ձրի շնորհել է լավը: Հենց այդ փոխանակությունն է Ավետարանի էությունը, իմաստը, որ պետք է ըմբռնի ամեն հավատացյալ: Ահա աստվածային ութ փոխանակում, որ կատարել է Աստված Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով.
1. Հիսուսը վերցրեց մեր մեղքերի պատիժը, փոխարենը տվեց թողություն:
2. Հիսուսը վերցրեց մեր տկարություններն ու հիվանդությունները, փոխարենը տվեց բժշկություն, առողջություն (1Պետ.2:24): Հավատքն ինքն իրեն չի գալիս, հավատքը գալիս է լսելով: Հավատքի հետ գալիս է բժշկություն: Ուրեմն՝ երբ ցավի մեջ ես, ասա, որ դու զորավոր ես Աստծո մեջ: Վերացրո՛ւ քո միջից չներելու մեղքը: Ների՛ր ու հավատա: Աստված էլ կների քեզ ու կստանաս ցանկալի բժշկությունը:
3. Հիսուսը վերցրեց մեր մեղքերը, փոխարենը տվեց արդարությունը: (2Կոր.5:21): Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ մեծ գին տվեց Աստված մեզ համար: Նա տվեց Իր որդուն հանուն մեզ, մեր մեղքերի պատճառով: Տվեց Նրան, որ մեղք չգիտեր ու մենք արդարացանք Նրա արյունով:
4. Նա վերցրեց մեր մահը, փոխարենը մեզ հավիտենական կյանք պարգևեց (Հռ.6:23): Բայց պետք է արժանանք այդ կյանքին մեր հավատքով, պետք է անհոգ չլինենք մեր փրկության նկատմամբ (Եբր.2:3):
5. Նա վերցրեց մեր աղքատությունը, փոխարենը տվեց մեզ Իր հարստությունը: Այս մասին Նոր կտակարանում գրված է բազմաթիվ անգամ, օրինակ՝ 2Կոր.8:9 խոսքում: Աստված շահագրգռված է, որ իր ժողովուրդը լավ ապրի: Նա գիտի, թե ինչ է հարկավոր մեզ: Իսկ մենք պետք է նախ փնտրենք Աստծո արքայությունն ու արդարությունը, իսկ այդ ամենը կտրվի մեզ:
6. Նա վերցրեց մեր ամոթը, փոխարենը տվեց Իր փառքը: Եբր.12:12:
7. Աստված վերցրեց մեր մերժվածությունը, փոխարենը տվեց Իր մեծ ընտանիքի անդամ լինելու հնարավորությունը: Հիսուսը լավ գիտեր, թե ինչ է նշանակում լինել մերժված: Խաչի վրա, երբ ամբողջ մարդկության մեղքն Իր վրա էր, Հիսուսին մի պահ լքեց անգամ Իր Հայրը: Հիսուսը կրեց մերժվածության ողջ դառնությունը, որպեսզի մենք լինենք Իր ընտանիքի լիիրավ անդամը:
8. Հիսուսն ազատեց մեզ Օրենքի անեծքից, փոխարենը տվեց Աբրահամի օրհնությունները: (Գաղ.3:13-14): Ու՞մ համար են գործում այդ օրհնությունները. ովքեր հնազանդ են Աստծուն, ովքեր կարդում ու կատարում են Նրա Խոսքը, ովքեր սիրում են ու հավատում են Նրան:
Սեփական լրատվություն