Ազատվի՛ր քո աչքի գերանից
Հիսուսը երբեք չէր խուսափում մարդկանց ասել այն, ինչի իրենք արժանի են:
«Կեղծաւոր, առաջ քո աչքից գերանը հանիր, եւ ապա մտիկ կ’տաս, որ քո եղբօր աչքիցը շիւղը հանես»: (Ղուկ. 6:42):
Փաստորեն Նա իրեն լսողներին կեղծավորներ անվանեց, բայց ոչ-ոք Նրանից չվիրավորվեց:
Երբ բժիշկը մարդուն ասում է իր ֆիզիկական հիվանդության մասին, մարդը չի նեղանում, այլ ընդհակառակը՝ շնորհակալ է լինում և ձգտում է ազատվել այդ հիվանդությունից: Բայց երբ մեկին ասում ես իր հոգևոր հիվանդությունը, նեղանում է: Որովհետև հոգևորը ներսում է, և մարդը ձգտում է պաշտպանել իր ներսը: Բայց Հիսուսն այնպես էր ասում, որ չէին նեղանում, այլ փորձում էին հասկանալ և ազատվել այդ թերությունից: Հիսուսը բժշկում էր մարդու ոչ միայն մարմնի, այլև շնչի և հոգու հիվանդությունները:
Ո՞րն է Հիսուսի ասած կեղծավորությունը: Դու չես ուզում տեսնել քո աչքի գերանը, բայց քեզ սուրբ ես ձևացնում և ուզում ես հանել եղբորդ աչքի շյուղը: Կրոնավորությունը հենց այդ է, երբ նկատում ես ուրիշի թերությունները, բայց չես ընդունում քո սեփական մեղքերը:
Հին Կտակարանը մարդուն ցույց էր տալիս իր խնդիրները, բայց Աստված տվեց Նոր Կտակարանը, որպեսզի մարդիկ կարողանան նաև ազատվել այդ խնդիրներից: Ազատվելու ճանապարհը ցույց է տալիս Հիսուսը՝ «հանի՛ր գերանը քո աչքից», ընդունիր սեփական խնդիրներդ և վերացրու դրանք: Մինչև չազատվես քո սխալներից, չես կարող ուրիշին օգնել ազատվելու իր սխալներից:
Եթե մարդուն միայն ցույց ես տալիս իր սխալները, նմանվում ես ախտորոշման կենտրոնի, որտեղ մարդուն ասում են իր հիվանդությունները, բայց չեն ցույց տալիս բուժվելու ճանապարհը:
«Սեփական աչքի գերանի և ուրիշ աչքի շյուղի» տեսակետից մարդիկ լինում են երեք տիպի. նրանք, ովքեր չեն տեսնում իրենց աչքի գերանը, նրանք, ովքեր տեսնում են այդ գերանը բայց չեն ձգտում հանել այն, և նրանք, ովքեր տեսնում և հանում են սեփական աչքի գերանը: Այս վերջին դեպքում Հիսուսը նրանց ցույց է տալիս ուրիշի աչքի շյուղը և այն հանելու ճանապարհը:
Որքան մեծ է գերանը շյուղից, այնքան ավելի շատ դու պետք է աշխատես ազատվել սեփական թերություններից: Եթե քո աչքում գերան կա և դու չես տեսնում այն, ուրեմն դու նման ես այն կույրին, որն ուզում է առաջնորդել մեկ այլ կույրի.
«Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն»: Ղուկ.6:39:
Ուշադի՛ր եղեք: Եթե ուրիշի մոտ խնդիր ես նկատում, արդյո՞ք դու ազատ ես նույն խնդրից: Եթե դու ունեցել ես նույն թերությունը և ազատվել ես դրանից, այդ դեպքում Աստված քեզ ցույց կտա, թե ինչպես օգնես ուրիշին, ինչ անես, ինչ խոսքեր ասես, քանի որ դու անցել ես դրանով, զգացել ես այդ մեղքի ցավն ու դառնությունը:
Միշտ մտածիր՝ արդյո՞ք Հիսուսի ասած կեղծավորը դու չես: Եթե կհասկանաս, որ դու ես, մի՛ նեղացիր, այլ ազատվի՛ր քո աչքի գերանից: Դարձիր բարի ծառ, որպեսզի կարողանաս բարի պտուղ բերել:
Սեփական լրատվություն