Բաժանի՛ր լույսը խավարից
«Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ»։ Ծն.1:3:
Սա չի վերաբերվում միայն արարչագործությանը: Սա վերաբերվում է նաև մեզ, մեր կյանքին, մեր սրտերին.
«Որովհետեւ Աստուած, որ ասեց, թէ խաւարից լոյս ծագէ, Ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքում»: 2Կոր.4:6:
Ինչպես երկիրը արարելիս, որը սկզբում խավար էր, դատարկ ու անձև, Աստված հրամայեց, որ լույս լինի, այնպես էլ երբ մենք «խավար էինք ու դատարկ», մեր սրտերում Աստված Ավետարանի լույսը փայլեցրեց: Սակայն սա միայն սկիզբն էր: Այնուհետև Աստված ստեղծեց մարդուն և օրհնեց նրան.
«Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ Եւ Աստուած օրհնեց նորանց…»: Ծն.4:27:
Երբ Աստված տեսավ, որ լույսը բարի է, Նա բաժանեց լույսը խավարից: Աստծո նպատակը ոչ թէ ուղղակի լույսի առկայությունն էր, այլ լույսը խավարից բաժանելը: Երբ Աստված ուզում է օրհնել, Նա բաժանում է լույսը խավարից, արդարությունը` անօրենություց, լավը՝ վատից, չարը՝ բարուց: Օրհնելուց առաջ Նա մշտապես բաժանում է, առանձնացնում:
Ու հիմա Աստված սպասում է, որ մենք ինքներս առանձնացնենք մեղքը սրբությունից, աշխարհը` Իր թագավորությունից: Այսօրվա եկեղեցում շատերըփորձում են համատեղել աշխարհը Աստծո Արքայության հետ: Բայց Աստծո համակարգում չեն կարող համատեղվել լույսն ու խավարը:
Դու պետք է փոխես քո աշխարհիկ նախասիրությունները: Եթե ուզում ես ճանաչել Աստծոն, հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ, դու պետք հրաժարվես մեղքից, առանձնացնես մեղքը՝ սրբությունից: Դրա արդյունքը օրհնությունն է: Աստված ուզում է սուրբ անի քեզ, որպեսզի օրհնի:
Աստված Ինքն է բաժանել մեղքը սրբությունից: Սատանան ձգտում է անել ճիշտ հակառակը: Նա լավ գիտի, որ մեղքը խանգարում է օրհնությանը: Նրա նպատակն է խավարը խառնել լույսի հետ: Նա անապատում պատրաստ էր ամբողջ աշխարհը տալ Հիսուսին, որպեսզի Հիսուսը երկրպագի իրեն: Նա ուզում էր Աստծո Որդուն դարձնել իր երկրպագուն:
Եթե դու Աստծո մեջ ես, ուրեմն միայն Նրան պիտի երկրպագես, միայն Նրան պիտի հավատաս, միայն Նրա գործերը պիտի անես: Դու պետք է որոշում կայացնես, թե ո՞ր թագավորության մեջ ես՝ Աստծո՞, թե այս աշխարհում, խավարո՞ւմ, թե՞ լույսի մեջ:
«Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. Եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ։ Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. Կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ։Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կբնակուեմ, եւ նորանցում ման կգամ. եւ նորանց Աստուած կլինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ։ Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք։ Եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինիմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինիք, ասում է Ամենակարող Տէրը» (2Կոր.6:14-18):
Ուրեմն բաժանեք լույսը խավարից, առանձնացեք, հեռացեք մեղքից: Այս բաժանումը կորուստ չէ, այլ մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Աստծո խոստմունքների իրականացումը մեր կյանքերում:
Սեփական լրատվություն