Բերդեր և խորհուրդներ ենք քանդում
Քրիստոնյաները կանչված են աղ ու լույս լինելու: Քրիստոնյաները կանչված են հասարակության մեջ փոփոխություններ անելու: Դրա համար նրանք պետք է դուրս գան եկեղեցու պատերից և տարածեն Աստծո Խոսքը: Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն:
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար, Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար»: (1Տիմ.2:1-2):
Բոլոր մարդիկ փրկության կարիք ունեն: Թագավորներն ու իշխանավորները նույնպես փրկության կարիք ունեն: Մեր աղոթքներով պիտի փոխվեն հասարակությունն ու իշխանավորները:
Փրկության համար հասարակությունն ու իշխանավորները պետք է իմանան, թե ով է Հիսուսը: Եթե քրիստոնյան հայտնություն չունի, թե ով է Հիսուսը, այդ քրիստոնյան զորություն չունի:
«Իսկ դուք ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ Ես: Սիմոն Պետրոսը պատասխանեց և ասաց. «Դու Քրիստոսն ես, Կենդանի Աստծո Որդին»: (Մատթ. 16:16):
Մենք պետք է ճանաչենք Հիսուսին որպես Կենդանի Աստծո Որդի, Աստծո Օծյալ: Քրիստոսն Աստծո օծությունն է: Քրիստոնյան օժտված է նույն օծությամբ, հետևաբար նաև նույն զորությամբ: Ով որ Պետրոսի պես է ճանաչում է Հիսուսին, նրան նույնպես տրված են երկնքի բանալիները, որովհետև Հիսուսն իրեն որպես Կենդանի Աստծո Որդի ճանաչող Պետրոսին ասաց.
«Ես քեզ կտամ երկնքի թագավորության բանալիները, և ինչ որ կապես երկրի վրա՝ պիտի կապվի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես՝ պիտի արձակվի երկնքում»: (Մատթ.16:19):
Հասարակության ու երկրի իրավիճակը փոխելու համար Աստված զենքեր է տվել քրիստոնյաներին.
«Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու. խորհուրդներ ենք քանդում»: (2.Կոր.10:4):
Աստված մեզ զենք է տվել, պետք կիրառենք այդ զենքը: Այս զորավոր, հոգևոր զենքերով մենք կարող ենք իրավիճակներ փոխել: Կարող ենք հաղթել ցանկացած թշնամու:
Լավագույն հաղթանակը թշնամու ապաշխարությունն է:
Մենք պետք է աղոթենք, որ Աստված ների մեր երկրի մեղքերը: Պետք է աղոթենք ժողովրդի ու իշխանավորների համար, որեսզի քանդվեն նրանց մտքի բերդերը և բոլորը հայտնություն ունենան, որ Հիսուսը Կենդանի Աստծո Որդին է:
Այսպիսին էր մայիսի 8-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի քարոզի բովանդակությունը՝ բերդեր և խորհուրդներ քանդող հոգևոր զենքերի մասին:
Սեփական լրատվություն