«Բեթլեհեմի այրի սուրբ Մանկիկը». Ավետիք Իսահակյան
ԲԵԹԼԵՀԵՄԻ ԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԻԿԸ
Լեռների լանջում – քարայրի խորքում
Շողում է կըրակ երկնային սիրո
Կայծերով վառված մի նորոգ կյանքի,
Շողում է կըրակ – այնտեղ հավիտյան:
Լույսը չի հանգչում,
Հույսը չի խաբվում:
Ներս մտիր այրը – հովիվ ու գառներ,
Գառների մըսուր – անշուք խանձարուր,
Ահա Մանկիկը անմեղ ու անբիծ
Ժպտում է պայծառ – սեր է մեզ շնչում.
Ահա լալիս է – այդ Նըրա սիրտն է,
Որ կյանքի շեմքից, ծաղիկ օրերից
Մարդկանց վշտերի համար ճմլվում,
Մարդկանց մեղքերին ներում աղերսում:
Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով
Խոնարհվիր, ընկե՛ր, համբուրիր Նըրան, —
Նա քեզ կըներե, Նա քեզ հույս կըտա.
Եվ դու զորացած կըրիր քո խաչը,-
Էլ շղթա չըկա,
Էլ արյուն չըկա:
Ավետիք Իսահակյան
Աղբյուր՝ protestant.am