Բիլլի Գրեհեմ՝ «Դարի ավետարանիչ»
«Ես շնորհակալ եմ դոկտոր Օբրայանին և համալսարանին այս մեծ պատվի համար, – նշել է Գրեհեմը: – Հատկապես հաճելի է նման տիտղոս ստանալ այն համալսարանի կողմից, որ առավել հայտնի է՝ որպես սերունդներ դաստիարակող և Հիսուս Քրիստոսի համար սրտեր ու մտքեր պատրաստող: Ես գտնում եմ, որ արժանի չեմ այս մրցանակին, բայց ընդունում եմ այն հանուն Նրա, Ում ծառայում եմ իմ ողջ կյանքում»:
Օբրայանի խոսքով՝ Բիլլի Գրեհեմի ունեցած ազդեցությունը դժվար է գնահատել: Նրա գործերն ու հեղինակությունը լեգենդար են: Նրան հաճախ կոչում են «Ամերիկայի հովիվ», բացի այդ նա 1948թ-ից ի վեր 56 անգամ ճանաչվել է «աշխարհում 10 ամենահարգված մարդկանցից մեկը»՝ ըստ Gallup-ի:
«Դարի ավետարանիչ» կոչումն իր տեսակի մեջ առաջինն է: «Հաջորդ տարիներին մենք կխրախուսենք նաև այլ մարդկանց, ովքեր մեծ ներդրում ունեն Քրիստոսի Ավետարանը ողջ աշխարհում տարածելու գործում». հայտնել է դոկտոր Օբրայանը:
Հավելենք միայն, որ Քարսոն Նյումենի համալսարանը մասնավոր քրիստոնեական կրթօջախ է, որտեղ դասավանդվում են գլխավորապես հումանիտար առարկաներ: Հիմնվել է 1851թ-ին, այժմ այնտեղ սովորում է շուրջ 2000 ուսանող: