Բնավ մի նոր բան չկա՞…

Բնավ մի նոր բան չկա՞…

Հունվարի 31-ին, ամենամսյա ավետարանչական ծառայությանը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ուղերձն ըստ էության հնից դեպի նորը, մեղքից ու մահից դեպի կյանքն անցնելու կոչ էր:

Ժողովողի գրքում Սողոմոն թագավորը փաստում է, որ աշխարհում ոչ մի նոր բան չկա.

«Ինչ որ եղել է, նա էլ կլինի, և ինչ որ արված էր, նա էլ կարվի. և արեգակի տակ բնավ մի նոր բան չկա»։  Ժող.1:9:

Սողոմոնին Աստված մեծ իմաստություն էր տվել: Նա ուշադիր զննել էր աշխարհի շատ երևույթներ, ֆիզիկական բոլոր օրենքները, ու չէր գտել որևէ նոր բան: Սողոմոնը կարծես ձգտում է գտնել մի նորություն, հասկանում է, որ ինչ-որ բան պետք է նոր լինի: Չէ՞ որ չի կարող ամեն բան հին լինել ու այդպես էլ մնալ: Բայց նա չգտավ ոչ մի նոր բան:

Իսկ ի՞նչ է ասվում Նոր Կտակարանում.

«Որովհետև Քրիստոս Հիսուսի մեջ եղող կյանքի Հոգու օրենքն ինձ ազատեց մեղքի և մահվան օրենքից։ Հռոմ.8:2:

Ուրեմն բացի ֆիզիկական օրենքներից գոյություն ունի նաև Հոգու օրենք, հոգևոր օրենք:

Սատանան օրենքի ուժ տվեց մեղքին ու մահին: Իսկ Ավետարանը քանդեց մահվան օրենքն ու հաստատեց կյանքի օրենքը: Երբ Հիսուսն ասաց՝ «կատարվեց», Նա նկատի ուներ հենց այդ շրջադարձը, երբ մեղքի ու մահվան օրենքին փոխարինեց կյանքի հոգու օրենքը: Հիսուսը եկավ ոչ թե նրա համար, որ քո կյանքի ինչ-որ ոլորտում փոփոխություն անի, այլ նա հիմնովին փոխեց քո կյանքը, տապալեց սատանայի օրենքը և հաստատեց Իր՝ կյանքի օրենքը:

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հները անցան, ահա ամեն բան նոր եղավ»։ 2Կոր.5:17:

Պարզ է դառնում, որ կյանքի օրենքը գործում է նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են: Սողոմոնի իմաստությունը, որ մարդու իմաստություն էր, ասաց, որ ոչ մի նոր բան չի լինի: Աստծո իմաստությունն ասաց, որ ամեն բան նոր եղավ:

Ապաշխարությունն այն կամուրջն է, որ մեզ տանում է հնից դեպի նորը, մահից դեպի կյանք, դեպի հավիտենություն:

Թույլ տո՛ւր, որ կյանքի օրենքը Հիսուս Քրիստոսով հաստատվի քո մեջ, մտնի քո կյանքը:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ