Չպարտվածները

Չպարտվածները
Հոգևոր կյանքում ամեն մի ծառայություն պիտի լինի Հիսուսի համար և Հիսուսի մասին։ Առանց Հիսուս Քրիստոսի ոչ մի ծառայություն իմաստ չունի։ Հիսուսը բոլոր գործերի կատարյալ գիտակն է։ Եթե մեկը հիվանդ է՝ լավագույն բժիշկը Հիսուսն է։ Եթե մեկը իմաստության կարիք ունի՝ Հիսուսը կարող է տալ։ Եթե մեկը ուրախության պակաս է զգում՝ Հիսուսն է կատարյալ ուրախության աղբյուրը։ Քահանային ուղղորդողը, բիզնեսմենին հաջողակ դարձնողը նույնպես Հիսուսն է։
“Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ”։ 2Կոր․5։17։
Այստեղ երեք կարևոր միտք կա։ 
Առաջին․ Մարդը նախ ծնվել է Ադամից և ունի ադամական մեղավոր բնույթ։ Այդ մարդը, այդ ստեղծագործությունը չէր կոչվի հին, եթե չգար նորը։ Մինչև չգա նորը, մինչ այդ գոյություն ունեցողը չի կարող հին կոչվել։
Երկրորդ․ Հները անցան՝ նշանակում է ինչ որ եղել է, ինչ մեղք, ինչ սխալ գործել ենք, բոլորն անցել են, Աստված ներել է դրանք։
Երրորդ․ Դու արդեն նորոգության մեջ ես քայլում, դու նոր կյանքում ես, նոր թագավորության մեջ ես բնակվում։ Բայց սա կատարվում է այն դեպքում, երբ դու հավատում ես, որ նոր ստեղծագործություն ես։ Քո մտածելակերպը պիտի փոխվի, պիտի նորոգվի, որպեսզի հասկանաս Աստծուն։
Հիսուսի ժամանակակիցները Նրան չէին կարողանում ընդունել, որովհետև Նա չէր համապատասխանում իրենց հնացած չափանիշներին։ Հիսուսն այլ կերպ էր, հագնվում, քան այն ժամանակվա հոգևոր առաջնորդները, այլ կերպ էր խոսում, այլ կերպ էր ապրում։ Բայց երբ մարդիկ լսում էին Հիսուսին, հասկանում էին, որ  Նա նոր է, իմաստուն է, օծյալ է։
Երբ Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը հասավ Ավետյաց երկրի սահմաններին, տասներկու հոգին ուղարկվեցին լրտեսելու այդ երկիրը։ Նրանցից տասը վերադարձան և սկսեցին վախեցնել ժողովրդին։ Ժողովուրդը սկսեց լաց լինել, սարսափել, երանի տալ ստրկության տարիներին։ Աստված բարկացավ նրանց վրա, քանի որ հին, ստրկական մտածելակերպով հնարավոր չէր մտնել խոստացած երկիրը։ Մովսեսի բարեխոսությունից հետո Աստված ներեց նրանց, բայց այնուամենայնիվ իրենց հին մտածելակերպի պատճառով թույլ չտվեց, որ մտնեն իրենց հայրերին խոստացված երկիրը։ Միայն երկու երիտասարդ էին, որ հավատում էին Աստծո խոստումին, հրաժարվել էին հին մտածելակերպից ու պնդում էին, որ կարող են մտնել Ավետյաց երկիր։
Աստծո թագավորությունը մտնելու համար հարկավոր է հավատ, հարկավոր է մի կողմ թողնել հին մտածելակերպը և հավատալ ազատությանն ու հաղթանակին։ Ավետյաց երկիր մտավ նոր սերունդը, որը երբեք չէր պարտվել, որը հավատում էր հաղթանակին։
Պարտվողի մտածելակերպ ունեցողը չի կարող հաղթել։ Սատանան ուզում է ժողովրդին տանել ետ, դեպի Եգիպտոս։ Ու դրա համար նա օգտվում է մարդկանց հին մտածելակերպից, քանի որ մարդիկ մի կտոր սնունդը գերադասում էին ազատությունից, քանի որ մարդիկ մոռացել էին, որ իրենք ստրուկ էին։ Աստված մարդկանց առաջնորդում էր դեպի ազատություն, բայց ազատության արժանացավ միայն նոր սերունդը, որը հավատում էր ազատությանը, որը գիտեր ազատության գինը, որը չէր պարտվել։
Մովսեսի բարեխոսության շնորհիվ հին մտածելակերպ ունեցողները չմեռան, բայց չմտան խոստացված երկիրը։ Սակայն Հիսուսը շատ ավելին արեց մարդկանց համար։ Նա նորոգեց մարդկանց մտածելակերպը, որպեսզի նոր մտածելակերպով մտնեն Աստծո թագավորություն։
Աստծո թագավորությունում պարտվողներ չկան։
Տիգրան Թադևոսյանի 27․05․2018թ․ կիրակնօրյա պատգամից։
Սեփական լրատվություն։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ