Դավիթ
Բեթղեհեմի գյուղացի Հեսսեի ութ որդիներից կրտսերը։ Դավիթը հովիվ էր։ Նա իր հոտերն էր արածեցնում, երբ Բեթղեհեմ եկավ Սամվել մարգարեն, որն Աստծու կողմից ուղարկված էր՝ Հեսսեի որդիներից մեկին Սավուղի փոխարեն թագավոր օծելու։ Երբ Սամվելը Դավթին ընտրեց, եղբայրները նախանձով լցվեցին նրա հանդեպ։
Տավիղ նվագելու Դավթի շնորհքը նրան տարավ Սավուղ թագավորի արքունիքը, որտեղ նա խելագարության պահերին նվագով հանգստացնում էր թագավորին։ Հետագայում, երբ Դավթի հայրը նրա հետ ուտելիք ուղարկեց բանակում կռվող նրա եղբայրներին, Դավիթն ընդունեց փղշտացի հսկա մարտիկ Գողիաթի մարտահրավերը և իր հովվական պարսատիկով սպանեց նրան։ Կռվից հետո կանայք ընդառաջ գնացին Սավուղին. «Սավուղը հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց»,- երգեցին նրանք։ Այդ օրից ի վեր Սավուղը նախանձով լցվեց Դավթի հանդեպ և բազմիցս փորձեց սպանել նրան։ Հովնաթանը՝ Սավուղի որդին և Դավթի մտերիմ բարեկամը, խորհուրդ տվեց նրան փախուստի դիմել, և Դավիթը վտարանդի դարձավ։ Սավուղն անխնա հետապնդում էր նրան, չնայած Դավիթը երկու անգամ խնայել էր նրա կյանքը։
Սավուղն ու Հովնաթանը սպանվեցին փղշտացիների դեմ մղված ճակատամարտում, և Դավիթը Հուդայում թագադրվեց, բայց ողջ Իսրայելը նրան երկու տարի անց թագավոր ճանաչեց։ Դավիթը քաջ զինվոր էր և բազում հաղթանակներ տարավ։ Նա ժողովրդասեր էր և լավ կառավարիչ։ Երբ Դավիթը հեբուսացիներից գրավեց Երուսաղեմը, այն դարձրեց իր մայրաքաղաքը։ Նա այնտեղ բերեց Ուխտի Տապանակը և որոշեց տաճար կառուցել, բայց Աստված արգելեց։
Դավիթն անառակություն գործեց իր զինվորներից մեկի՝ Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ։ Երբ Բերսաբեն հղիացավ, Դավիթը հրամայեց Ուրիային ուղարկել պատերազմի թեժ տեղերը և համոզվելով, որ նա սպանված է, ամուսնացավ Բերսաբեի հետ։ Նաթանը դատապարտեց նրա մեղքը, ու չնայած թագավորն անկեղծորեն զղջաց իր արածի համար, և Աստված ներեց նրան, բայց Բերսաբեի երեխան մահացավ։ Դավթի ժառանգը դարձավ նրանց հաջորդ որդին՝ Սողոմոնը։ Հետագայում Դավթի որդիների միջև տարաձայնություններ եղան։ Աբեսաղոմը՝ նրա սիրելի որդին, փորձեց տիրանալ գահին։ Դավիթը ստիպված էր հեռանալ Երուսաղեմից, բայց, ի դժբախտություն նրա, Աբեսաղոմը պարտվեց և սպանվեց։ Դավթի ծերության հասակում մյուս որդին՝ Ադոնիան, դավ նյութեց նրա դեմ։
Դավիթը մեծ թագավոր էր, մեծ զինվոր և մեծ պոետ, որն Աստծու փառաբանության բազմաթիվ սաղմոսներ է գրել։ Չնայած նա սխալներ է թույլ տվել և մեղանչել, բայց երբեք չի թերացել ապաշխարելու և Աստծուց ներում հայցելու մեջ։ Աստվածաշունչը նրան բնութագրում է որպես «Աստծու սրտով մարդ»։