Դու Երկնքի քաղաքացի ես

Դու Երկնքի քաղաքացի ես
Այսօր «Նոր սերունդ» եկեղեցում ավետարանչության օր էր: Ավետարանողը հավատքի մեջ թրծված, Խոսքի գիտակ Հրաչ Մանուկյանն էր: Նա մի հրաշալի շրջայց կատարեց աշխարհի արարումից մինչև մեր օրերը:
Աստված արարեց երկինքն ու երկիրը: Սակայն Աստծո ստեղծագործության զարդը մարդն էր, որին Աստված ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ: Դրանով իսկ Աստված մարդուն օժտեց իշխանությամբ: Բայց մարդը կորցրեց իր իշխանությունը, երբ գիտակցելով, որ չի կատարում Հոր կամքը, լսեց կնոջն ու կերավ պտուղը: Դրանով Ադամն իր իշխանությունը փոխանցեց սատանային ու դարձավ մեղքի գերի:
Մեղքը մտավ մարդու գենետիկայի մեջ ու սկսեց փոխանցվել սերնդե սերունդ:
Աստված չի փոխում Իր Խոսքը: Աստված ասել էր. «Մեղքի վարձը մահն է»: Բայց Աստված նաև սիրում էր մարդուն ու Իր սիրտը ցավում էր, տեսնելով, որ մարդը մեղք է գործում ու արժանանում մահվան:
Մարդն իր ուժերով չէր կարող ազատվել մեղքից ու մահից, որովհետև Ադամի մեղանչելու արդյունքում մեղքը դարձել էր մարդու բնությունը:
Հարկավոր էր մեկը, ով մեղավոր չէր, ով չուներ ադամական մեղավոր բնույթը, բայց իր վրա կվերցներ մարդկության մեղքն ու մարդուն կազատեր մահից: Այդ Մեկը Հիսուսն էր, Աստծո միակ Որդին, որ ծնվեց ոչ թե Ադամից, այլ Սուրբ Հոգուց, Իր վրա վերցրեց մեր մեղքն ու խաչ բարձրացավ: Նա մեռավ իմ ու քո փոխարեն, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք (Հովհ.3:16):
Բայց դրան արժանանալու համար կա պայման.
«Եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես»,- ասում է Աստծո Խոսքը։ (Հռոմ.10:8):
Այսինքն՝ Հիսուսը մեզ մտցրեց հավիտենություն: Մենք դարձանք Երկնքի քաղաքացիներ: Մենք արժանացանք Աստծո զավակներ կոչվելու իշխանությանը:
Ու պարտավոր ենք ապրել պատվախնդիր կյանքով, պարտավոր ենք ապրել Տիրոջը հաճելի կյանքով, ապրել Տիրոջ կամքով ու Տիրոջ համար:
Ամե՜ն:
Սեփական լրատվություն
23.11.2014թ.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ