Դու գաղտնիք ես (Յոթնօրյա ծոմ - աղոթքի մարաթոնի վերջին ծառայութուն)

Դու գաղտնիք ես (Յոթնօրյա ծոմ - աղոթքի մարաթոնի վերջին ծառայութուն)

Աստծո ամեն խոսք, ամեն արարք, ամեն բան, որ կապված է Աստծո հետ, իր մեջ գաղտնիք է պարունակում: Հայտնությունն այն է, երբ այդ գաղտնիքի ինչ-որ մասը բացվում է քեզ համար:

«Եվ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը. Աստված հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով»:  (1Տիմ.3:16:)

Հիսուսը Աստծո գաղտնիքն էր, որ բացվեց մարդկանց, երբ հայտնվեց մարմնով: Դու նույնպես գաղտնիք ես. դու մի ստեղծագործություն ես, որի մեջ բնակվում է Աստծո Հոգին: Ինչպես մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե ով է Հիսուսը, նույն կերպ չեն կարողանում հասկանալ, թե ով ես դու: Սակայն ինչպես իրական թղթադրամները կեղծից տարբերելու համար դրանց վրա հատուկ լույս են գցում, նույն կերպ մի օր կգա Աստծո  Որդին իր աննկարագրելի լույսով և այդ լույսի տակ կառանձնանան նրանք, ում մեջ է բնակվում Աստծո Հոգին:

«Բայց դուք մի ընտրյալ սերունդ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, Նրան պատկանող ժողովուրդ, որ քարոզեք նորա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսի մեջ»: 1Պետ.2:9:

Դու առաքելություն ունես: Դու կանչվել ես Աստծո լույսի մեջ, որպեսզի նրա առաքինությունները քարոզես և Նրա փառքը հռչակես: Հիսուսը քեզ ուղարկեց «ինչպես գառներ գայլերի մեջ» (Ղուկ.10:3): Եվ եթե մի քաղաքում քեզ չընդունեն, «դուրս գալով նրա հրապարակները, ասեցեք. Այն փոշին, որ ձեր քաղաքից մեզ կպել է, թոթափում ենք ձեզ վրա. Միայն թե սա գիտցեք, որ Աստծո արքայությունը մոտեցել է ձեզ։ Եւ ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների համար ավելի հեշտ կլինի այն օրում, քան թէ այն քաղաքի»: (Ղուկ.10:10-12):

Ո՞վ ես դու, որ կարողանաս մի ամբողջ քաղաքի նման բան ասել:

Դու գաղտնիք ես, դու այն էլիտար զորքի զինվորն ես, որ Աստծո գործն է անում:

Ծոմը նույնպես իր մեջ խորհուրդ ու գաղտնիք է պարունակում՝ ի՞նչ է ծոմը: Հավանաբար ոչ ոք չի կարող ամբողջությամբ բացատրել այդ գաղտնիքը: Բայց երբ դու ծոմ ես պահում, Աստված տեսնում է քո խոնարհությունը, օրհնում է քեզ ու հրաշքներ է կատարում քո կյանքում, քո ընտանիքում, քո երկրում:

 

Տ. Թադևոսյանի 20.01.2019թ. քարոզից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ