Դու հավատում ես Աստծուն, Աստված հավատում է քեզ
Մեր հավատը միակողմանի չէ: Մենք հավատում ենք Աստծուն, Աստված հավատում է մեզ և վստահ է, որ կարող ենք լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում է Ինքը:
Հաճախ, երբ ընկնում ենք, երբ հայտնվում ենք փորձությունների մեջ, մեզ թվում է, թե Աստված հեռացել է մեզնից, լքել է մեզ: Բայց նա միշտ մեր կողքին է և հավատում է, որ մենք ոտքի կկանգնենք ու փորձությունից հաղթող դուրս կգանք:
Աստված հավատում է քեզ, որովհետև դու սիրում ես Իրեն.
«Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց, որ նախասահմանելով կանչուած են»: Հռոմ 8:28:
Հավատը մեծ է, բայց Սերն ավելի մեծ է: Աստված հավատում է մեզ և ամեն բան բարուն գործակից է դարձնում, եթե ոչ միայն հավատում, այլև սիրում ենք Իրեն:
Հոբի գիրքը սկսվում է Հոբին բնութագրելով: Աստված Հոբին գնահատում է ոչ թե ըստ իր ունեցվածքի, այլ ըստ իր էության.
«Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից»: Հոբ 1:1:
Դրանից հետո միայն խոսվում է Հոբի ունեցվածքի մասին՝ թե ինչպես է Աստված օրհնել նրան:
Երբ սատանան եկավ Աստծո մոտ, Աստված նրան ասաց, որ ի տարբերություն իրեն, Հոբը կատարյալ է և ուղիղ: Հոբը չէր տեսել Աստծուն, բայց հավատում ու ծառայում էր Նրան: Իսկ սատանան կանգած էր Աստծո առաջ, տեսնում էր Նրան, բայց չէր ծառայում: Սատանան կարծում էր, թե հավատը շահից է.
«Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ»: Հոբ 1:8:
Սատանան առաջարկեց վերցնել Հոբից ամբողջ ունեցվածքը և տեսնել, թե նա դրանից հետո կծառայի՞ Աստծուն:
Բայց Աստված հավատում էր Հոբին, Նա վստահում էր Հոբին, որովհետև ճանաչում էր նրան: Աստված հավատում էր, որ Հոբը չի դավաճանի Իրեն: Այդ պատճառով Աստված Ինքը ձեռքը չերկարեց Հոբի վրա, այլ թողեց, որ սատանան փորձի Հոբին:
Բայց Աստված չթողեց Հոբին: Հոբը սիրում էր Աստծուն և Աստված նրան կամք ու կամենալու հնարավորություն տվեց: Եվ Հոբը հաղթող դուրս եկավ փորձությունից:
Եթե մեկը քեզ կասի, որ չի հավատում քեզ, չի հավատում, որ դու փորձություններից կարող ես հաղթող դուրս գալ, պատասխանիր նրան՝ «Ինձ Աստված է հավատում»:
Սեփական լրատվություն