Դու կանչված էս վերականգնելու ավերվածը:
Օգոստոսի 23-ին «Նոր սերունդ» եկեղեցում կիրակնօրյա ծառայությանը իր խոսքով եկեղեցուն դիմեց Հովիվ Սուսաննա Հարությունովան: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.
«Երբեմն հարկավոր է կոտրել ինչ-որ բան, որպեսզի նրա տեղում կառուցել նորը: Հիսուս Քրիստոսի մեջ լինելով՝ մեր մեջ կոտրվում է մեր հպարտությունը, մեղքերը, բայց վերականգնվում է Աստծո սերը, արդարությունն ու սրբությունը:
Մենք հաճախ Աստծուն հարցնում ենք, թե ինչու մեր կյանքում այսքան անարդարություններ ու դժվարություններ կան, բայց Աստված այսօր երկնքից ասում է «Մարդիկ մի՞թե, երբ ես ձեզ ստեղծեցի, ձեր մեջ մեղք ու կործանում, նախանձ ու հպարտություն դրեցի»:
Երբ մեղք ենք գործում, մենք ծառայում ենք սատանային, որովհետև նա մեղքի իշխանն է: Բայց երբ ապրում ենք սրբության մեջ, ծառայում ենք Աստծուն, որովհետև այլ կերպ հնարավոր չէ Նրան ծառայել:
Սուրբ գիրքն ասում է, որ Աստված չի ծաղրվում, ինչ ցանես այն էլ կհնձես: Ինչ այսօր անում ես՝ լավ թե վատ, մի օր անպայման հետ է վերադառնալու: Այդ պատճառով եկեք միշտ բարին ցանենք:
Հիսուսը չեկավ մարդկանց դատելու, այլ փրկելու: Նա մեր մեղքի դիմաց չարիքով չպատասխանեց, այլ իր սիրով: Եվ Աստված Իր որդուն ուղարկեց, որ վերականգնվի մեր և Նրա հարաբերությունները, վերականգնվի Տիրոջ պաշտպանությունը և օրհնությունը մեր կյանքերում:
Եվ եթե դու համարվում ես Հիսուս Քրիստոսի հետևորդ, երբեք ավերում չես տարածի, դու միշտ կվերականգնես հարաբերություններ, մարդկանց, մեղավորներին: Քանդված հարաբերությունները վերականգնելու համար հարկավոր է ունենալ այս երկու կարևոր հատկանիշները՝ ունենալ ճիշտ շարժառիթ և զոհաբերող սիրտ:
Ինչպես մեղքը, այնպես էլ արդարությունը ունեն իրենց շարժառիթները: Երբ մարդը մեղք է գործում, նրա շարժառիթը մեկին վատություն անելն է: Բայց երբ մարդը բարիք է գործում, նրա շարժառիթը ինչ-որ մեկին բարություն անելն է: Եվ դրա համար առանց ճիշտ շարժառիթների մենք չենք կարող վերականգնել ուրիշներին:
Մարդուն օգնելու համար առաջին հերթին չպետք է քննադատել, այլ օգնել: Բայց դա չի նշանակում, որ պետք չէ հանդիմանել, որովհետև, երբ մարդը մեղք է գործում և մի քանի անգամ անպատիժ է մնում, նա այդ նույն մեղքը կարող է դարձյալ կրկնել և անեծքի տակ ընկնել: Այդ պատճառով, երբ հանդիմանում ենք, նպատակը դիմացինին ցածրացնելը չպետք է լինի, այլ նրան փրկության ճանապարհին ուղղորդելը: Երբ Սուրբ Հոգին հանդիմանում է մեզ, Նրա շարժառիթը մեզ ցածրացնելը չէ: Նա հանդիմանում է, որպեսզի մենք ներողություն խնդրենք և մահից դեպի կյանք տեղափոխվենք:
Մեր շրջապատում կան մարդիկ ովքեր անհաջողակ են, ովքեր անընդհատ խնդիրներ են ստեղծում և մեղքի մեջ են: Բայց Աստված քեզ նրանց կողքին պատահական չի դրել: Դու կանչված ես վերականգնելու այդ ճակատագրերը , որովհետև քո մեջ Աստծո հոգին է բնակվում:
Հուդան բարի շարժառիթներով չէր հետևում Քրիստոսին: Բայց Հիսուսը սիրում էր նրան: Նա Հուդային բարձրացրեց առաքելական ծառայության, օծեց նրան, Հիսուսը ամեն ինչ արեց նրա համար, անգամ կյանքը տվեց, իսկ Հուդան ափսոսաց փոքրիկ թանկարժեք յուղը Հիսուսի համար:
Հուդան Հիսուսին մատնեց 30 արծաթի դիմաց, այն դեպքում, երբ Նա Աստված էր և Նրա կյանքը անգին էր: Իսկ Հիսուսը անկախ ամեն ինչից լվաց Հուդայի ոտքերը, որովհետև Նա սեր է և Նա չի փոխվում:
Հիսուսը՝ որպես բժիշկ, ով մտահոգվում է իր հիվանդների համար, տալիս է անհրաժեշտ դեղատոմսը, որը պատրաստված է Իր սիրուց և որը բժշկում է զղջացող մեղավորին, որովհետև Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին: Այդ պատճառով ամեն աստվածային գործողություն՝ Նրա հանդիմանությունը, խստությունը, Տիրոջ երկյուղը համեմված է սիրով, որի նպատակը մարդկանց փրկությունն է:
Սեփական լրատվություն