Դու մոտ ես Աստծո Արքայությանը
Սեպտեմբերի 27-ին կիրակնօրյա ծառայությանը Հովիվ Տիգրան Թադևոսյանը մինչ կանցներ խոսքին, բեմ հրավիրեց Իրինա Բարսեղյանին, ով պատմեց վերջերս իր կյանքում Աստծո կատարած հրաշալի գործի մասին՝ բժշկության տեսքով:
Այնուհետև հովիվն իր խոսքն ուղղեց եկեղեցուն:
Աստված ստեղծել է ինձ և քեզ, մի մեծ ընտանիք, որպեսզի մենք իրար հետ հաղորդակցվենք: Աստված այնքան ուզեց հաղորդակցվել մեզ հետ, որ ինքը եկավ աշխարհ՝ Հիսուս Քրիստոսի կերպարանքով: Եթե մարդն Աստծո հետ հարաբերություն է ունենում, նա ազատվում է կրոնավորությունից ու ձևականությունից: Քրիստոնեության մեջ ևս լինում է կրոնավորություն, երբ Աստծո հետ հարաբերության փոխարեն առաջանում են ինչ-որ պարտավորվածություններ և մարդը կորցնում է իր ուրախությունը:
Աստծո կամքն ու երազանքը այն չէ, որ մենք կատարենք Նրա պատվիրանները, այլ, որպեսզի հաղորդակցվենք Նրա հետ, և ամեն բան, ինչ խոչընդոտում է դրան պետք է դուրս նետվի մեր կյանքերից, որովհետև մեր Աստված կենդանի է, Նա լռող չէ, նա խոսող ու պատասխանող Աստված է, Նա հարություն է առել ու հիմա բնակվում է մեր սրտերում:
(Մարկ. 12:18-34) Շատ քրիստոնյաներ այսօր մոլորված են՝ Գիրքը չիմանալու պատճառով: Գիրքը և Աստծո զորությունը իրարից բաժանել հնարավոր չէ, և եթե մարդը Գիրքն էլ իմանա, բայց չիմանա Աստծո զորությունը` օգուտ չկա, և Աստծո զորությունն էլ հնարավոր չէ ճիշտ իմանալ առանց գրքի: Մոլորությունից դուրս գալու լավագույն միջոցը Աստծո խոսքն ու զորությունը ճանաչելն է:
Դու չես կարող հավատալ հարությանը, եթե հարություն առած Քրիստոսը չգա քո կյանքի մեջ, չես կարող հավատալ, որ այս կյանքից հետո հավիտենական կյանք կա, եթե Սուրբ Հոգին չգա քո կյանք, և եթե Սուրբ Հոգին գա քո կյանքի մեջ, ու դու հասկանաս Նրա զորությունը, ապա կհասկանաս, որ Հիսուս Քրիստոսը այսօր կենդանի է:
Եւ դպիրներից մէկը մօտ եկաւ, լսելով որ վիճում էին, եւ երբոր տեսաւ թէ լաւ պատասխանեց նորանց, նորան հարցրեց, Ո՞րն է ամենից առաջին պատուիրանքը։ Յիսուսն էլ նորան պատասխանեց, թէ Ամեն պատուիրանքներից առաջինը սա է, Լսիր, Իսրայէլ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։Եւ սիրիր քո Տէր Աստուծուն բոլոր սրտիցդ, եւ բոլոր անձիցդ, եւ բոլոր մտքիցդ, եւ բոլոր զօրութիւնիցդ. Սա է առաջին պատուիրանքը։ Եւ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պէս. Սորանցից աւելի մեծ ուրիշ պատուիրանք չ’կայ։ (Մարկ. 12: 28-34)
Ելից գրքում, երբ Աստված տվեց Մոսվսեսին տասը պատվիրանները, Նա չնշեց Աստծուն սիրելու մասին, քանի որ Հին ուխտում անհասկանալի կարող էր լինել մարդու համար Աստծուն սիրելը. Ինչ-որ բան պետք է կատարվեր, որ մարդը կարողանար սիրել Աստծուն (2 օրինաց 6:4-6):
Ամենամեծ պատվիրանը գործողություն անել չէ, այլ հարաբերություն ունենալն է Աստծո հետ: Հիսուսը ասաց ` ինձ սիրում է նա , ով պահում է իմ պատվիրանները, և ինձ սիրողը կպահի իմ պատվիրանները:
Երբ դպիրը համաձայնեց, Հիսուսի հետ, Հիսուսը նրան ասաց, որ նա հեռու չէ Աստծո արքայությունից: Գիրքը, պատվիրանները կարող են մարդկանց մոտեցնել, կանգնեցնել Աստծո արքայության դռան առջև, սակայն մուտք գործելու համար հարկավոր է ընդունել, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, և ընդունել Նրան որպես անձնական Տեր ու Փրկիչ:
Սեփական լրատվություն