Դու զորավոր ես

Դու զորավոր ես
«Նոր սերունդ» եկեղեցու օգոստոսի 30-ի պատգամախոսը Գոռ Կարապետյանն էր:
«Դատավորաց գրքում, յուրաքանչյուր դատավորի մասին խոսելուն նախորդում է Իսրայելի ժողովրդի որոշակի վիճակ, երբ ժողովուրդը թաղվում էր մեղքի մեջ: Գեդեոնին ընտրելուց առաջ նույնպես Իսրայելի ժողովուրդը գտնվում էր մեղքի մեջ և Տերը նրանց մատնել էր մադիանացիների ձեռքը (Դատ.6:1-14): Սակայն Իսրայելի որդիքը աղաղակել էին Աստծուն, և Նրա հրեշտակը հայտնվում է Գեդեոնին:
Գեդեոնը ցորեն էր ծեծում մադիանացիների երեսից փախցնելու համար: Նա չէր հանդուրժում թշնամու իշխանությունը: Եվ տերը գնահատեց դա ու հայտնվեց նրան: 
Գեդեոնը ընկճված էր, բողոքով ու հարցերով լիքը: Բայց նա իր բողոքը բերեց Տիրոջ առաջ: Նա իր մտահոգությունները չասաց մարդկանց, չբամբասեց, չդարձավ գայթակղությունների պատճառ, այլ բողոքեց Տիրոջը: Ու Տերը ոչ թե հանդիմանեց նրան, այլ ասաց՝ «Ով հզոր զորավոր»:
Նույնը վերաբերվում է և մեզ: Եթե մենք չենք հանդուրժում թշնամու ներկայությունը, եթե մենք մեր բողոքը բերում ենք Տիրոջ առաջ, Տերը մեզ կասի՝ «Ով Հզոր զորավոր. Տերը քեզ հետ է»: 
Հիսուսն ասաց՝ « Ամեն օր ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը» (Մատթ.28:20): Եթե դու չթողնես Տիրոջը, Տերը երբեք չի թողնի քեզ:
Մենք, ինչպես և Գեդեոնը, կանչված ենք: Ինչի՞ համար: Եկեղեցի հաճախելո՞ւ, երկինք գնալո՞ւ: Այո, նաև դրանք են մեր նպատակները: Բայց մենք անելիք ունենք: Մեր կարևորագույն նպատակը Աստծո Խոսքը տարածելն է, որպեսզի փրկվեն նաև ուրիշ շատ մարդիկ:
Քրիստոսն ընդունեց ու սիրեց բոլորին այնպես, ինչպես կային: Մենք էլ պետք է սիրենք բոլորին, ընդլայնենք մեր նպատակները: Մենք կանչված ենք ազգին ծառայելու համար: Տերը մեզ (ինչպես նաև Գեդեոնին) չի կանչել մի քանի պարկ ցորենի համար: Նա մեզ կանչել է Մեծ Հունձքի համար»:
Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ