Դո՛ւրս արի գերեզմանից
Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը, հանդիսավորությամբ նշվեց Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում:
Ծառայությունը սկսվեց փոքրիկ համերգով, որի ընթացքում եկեղեցու երիտասարդների կատարմամբ հնչեցին մի քանի հին ու նոր քրիստոնեական երգեր:
Հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա պատգամը օրվա խորհրդին համապատասխան կոչ էր՝ դուրս գալ մեղքից ու աշխարհից, որոնք դեպի մահ են տանում և մտնել Քրիստոսի լույսի մեջ, որը տանում է դեպի հավիտենություն:
Կար ժամանակ, երբ մենք չգիտեինք, թե ինչ է Զատիկը: Մեզ թվում էր, թե այն սահմանափակվում է ձու ներկելով, փլավ եփելով և գերեզմաններ այցելելով:
Բայց Հիսուսը մեզ հանեց տգիտության ու խավարի ճահճից ու կանգնեցրեց Իր կենարար լույսի մեջ: Մենք հասկացանք, որ Հիսուսը հարություն է առել: Եվ սա միայն Հիսուսի հարությունը չէ: Նա ասաց, որ ով հավատա Իրեն, հարություն կառնի ու հավիտյան կապրի:
«Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան: …Երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով… և նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ»: Ղուկ.24:2-6:
Ղուկաս 24:1-6-ում նկարագրված իրադարձությունը մարդկության պատմության գագաթնակետն են, երբ պարտվեց մահը և հաղթեց կյանքը:
Այսօր գերեզմանից դուրս գալու օրն է: Այսօր բոլոր խնդիրներից ազատվելու օրն է:
Հիսուսը կարող էր անցնել փակ դռների միջով: Բայց գերեզմանի քարը գլորված էր, որպեսզի մենք հասկանանք, որ դա մարդու հարությունն էր, որ գերեզմանից դուրս գալու արգելքը վերացված է:
Հիսուսը չորս օր առաջ մեռած Ղազարոսին նույնպես հարություն տվեց և հանեց գերեզմանից:
«Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ»: Հովհ.11:43-44:
Հիսուսը քեզ նույնպես աղաղակում է՝ դուրս եկ գերեզմանից:
Եթե դու գտնվում ես մի վայրում, որը չի համապատասխանում Աստծո կամքին և խանգարում է քեզ ընդունել Աստծո օրհնությունները, ապա Աստված ուզում է, որ դուրս գաս այդ վայրից:
Այսօր ձու ներկելու, փլավի կամ թարխունի օրը չէ: Այսօր դուրս գալու օրն է: Դո՛ւրս արի մեղքից, դո՛ւրս արի աշխարհից, դո՛ւրս արի գերեզմանից: Սա քեզ ասում է Ինքը՝ Հիսուսը:
Գլորի՛ր քարը հեռու, և Հիսուսը քեզ հարություն կտա: