Էֆեկտիվ աղոթքի գաղտնիքը
Երբ Հիսուսը եկավ այս աշխարհ, փոխվեց ամեն բան: Հիսուսը բերեց նոր կյանք, նոր մտածելակերպ:
Աստվածաշունչը կարդալիս կարող ենք հանդիպել մտքերի, որ հակասում են մեր մտածելակերպին: Ուրեմն պետք է փոխենք մեր մտածելակերպը, պետք է մտածենք Հիսուսի նման: Այդ դեպքում կփոխվի, կնորոգվի նաև մեր կյանքը:
Մինչև Հիսուսի գալը գործում էր «ատամն ընդ ատաման» սկզբունքը: Բայց Հիսուսը փոխեց այն: Նա ասաց, որ պետք է աղոթենք մեզ վատություն անողների համար: Մեր ադամական բնույթին խորթ են Հիսուսի խոսքերը, բայց երջանկութան համար անհրաժեշտ է առաջնորդվել Աստծո Խոսքով:
Հիվանդություններին նույնպես պետք է վերաբերվել ելնելով Աստծո Խոսքից: Հիվանդությունների պատճառները երեքն են.
1. Ֆիզիկական: Երբ մենք ցուրտ եղանակին թեթև ենք հագնվում ու մրսում ենք, դա հոգևոր աշխարհի հետ կապ չունի:
2. Շնչի ոլորտում հիվանդությունները գալիս են սթրեսներից: Երբ մարդը խաղաղ է, նա երջանիկ է և առողջ: Եթե ապրում ես Աստծո Խոսքով և ունես ներքին խաղաղություն, ապա զերծ ես մնում սթրեսներից և դրանով խուսափում ես հիվանդություններից:
3. Հոգևոր աշխարհում հիվանդությունները կախարդությունների ու անեծքների արդյունք են Դրանց դեմ պետք է պայքարել հոգևոր միջոցներով:
«Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով»: Հակ.5:16
Ուրեմն բժշկության համար հարկավոր է խոստովանել մեղքերն ու հանցանքները: Երբ մարդը չի խոստովանում, այլ իր մեջ է պահում մեղքը, այն նմանվում է թույնի և քայքայում է մարմինը: Խոստովանել՝ նշանակում է չապրել ծածուկ կյանքով:
Իսկ ո՞վ է արդարը, որի աղոթքը զորավոր է: Արդարը նա է, ով խոստովանում է իր մեղքերը: Հենց նրա աղոթքն է զորավոր: Այլ թարգմանություններում զորավոր բառի փոխարեն գրված է արդյունավետ, էֆեկտիվ բառը:
Եթե մենք կարողանանք իրար խոստովանել, դժոխքի դռները մեզ չեն հաղթի: Ուզո՞ւմ ես ունենալ Աստծո խաղաղությունը՝ մտածիր քո սխալների ու դրանք ուղղելու մասին: Մի տրտնջա, Աստված չի սիրում տրտնջացողներին: Երբ Իսրայելի ժողովուրդը անապատում տրտնջաց, Աստված օձեր ուղարկեց նրանց վրա, որոնք խայթում էին մարդկանց: Երբ մարդը տրտնջում է, ուրեմն իր մեջ օձեր կան, որոնք խայթում են ներսից: Մի՛ կերակրիր քո ներսի օձերին: Միշտ գոհացիր, և նրանք սովից կսատկեն:
«Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է Մարդու Որդին բարձրացվի»: Հովհ.3:14:
Ինչպես անապատում մարդիկ նայում էին բարձրացված օձին և բժշկվում էին, այնպես էլ դու նայիր խաչյալ Հիսուսին և կբժշկվես՝ Նա վերցրել է մեր հիվանդություններն Իր վրա և խաչը բարձրացրել դրանք:
Տիգրան Թադևոսյանի 16.02.2020 թ. կիրակնօրյա պատգամից: