«Ելք» մյուզիքլի երկրորդ ցուցադրությունը: (Լուսանկարներ)
Օրերս «Նոր սերունդ» եկեղեցու տեղի ունեցավ «Ելք» անվանումը կրող երաժշտական բեմադրության երկրորդ ցուցադրությունը:
Այն նվիրված էր մյուզիքլի նախագծի ու երեգերի հեղինակի՝ Հայկուհի Բաբայանի ծննդյան տարեդարձին:
Ներկա էին Ավետարանական ընտանիքի եկեղեցիների բազմաթիվ հովիվներ, հյուրեր այլ եկեղեցիներից:
Ցուցադրությունից առաջ Հայկուհի Բաբայանի երեք դուստրերը՝ Լիլիան, Ժակլինն ու Աննա ներկայացրին սիրելի մորը նվիրված իրենց երգերը, դրանով կարծես ապացուցելով, որ թեև Հայկուհի Բաբայանն այսօր մեզ հետ չէ, բայց նրա տաղանդն ու օծվածությունը փոխանցվել է դուստրերին: Եվ դուստրերը շարունակում են ծառայել Քրիստոսին՝ իրենց ընտանիքին հատուկ վիրվածությամբ:
Եկեղեցու երիտասարդական ծառայությունը հաճելի անակնկալ մատուցեց հովիվ Տիգրան Թադևոսյանին, նրա ընտանիքին և ողջ քրիստոնյա հասարակությանը. Գոռ Կարապետյանը ներկայացրեց Haykuhibabayan.com նորաստեղծ կայքը, որը նվիրված է Հայկուհի Բաբայանի կյանքին, ծառայություններին ու ստեղծագործությանը: Այստեղ տեղադրված են սիրելի երգչուհու բազմաթիվ ձայնա- և տեսահոլովակներ, լուսանկարներ, երգեր և շատ այլ ինֆորմացիա:
Մյուզիքլը անջնջելի տպավորություն գործեց ներկաների վրա: Նրա ավարտից հետո եղան միայն հիացական կարծիքներ ու գնահատականներ: Մասնավորապես, «Կյանքի խոսք» եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրեր առաջ Երևանի «Նոր սերունդ» ավետարանական եկեղեցում հաճույքով ներկա գտնվեցի «Ելք» մյուզիքլի ցուցադրությանը, որը նվիրված էր հովիվ Տիգրան Թադևոսյանի երջանկահիշատակ տիկնոջ` Հայկուհի Բաբայանի ծննդյան տարեդարձին: Այս ներկայացումը մեր սիրելի քրոջ վերջին մտահղացումն էր, որի վրա նա սկսել էր աշխատել. ցավոք, անավարտ:
...Իսկապես մեծ բավականություն ստացա երեկոյից: «Ելք» մյուզիքլը տեղափոխեց մեզ Աստվածաշնչի էջերով, նախ` Մովսեսի ժամանակներ, երբ Աստված դուրս բերեց Իր ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից, ապա առաջին դար, երբ Աստծո Գառան` Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ զոհը կատարվեց գողգոթյան խաչի վրա, հոսեց նրա թանկ և պատվական արյունը, որ ամեն Նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա
Շնորհակալություն ողջ ստեղծագործական անձնակազմին` կատարած մեծ աշխատանքի համար: Տերը ձեզ օրհնի և պահի:»:
Հայկուհի Բաբայանի մասին Արմեն Լուսյանը գրում է.
«Նրան ճանաչողների խոսքերով` Հայկուհին այնքան լեցուն էր կյանքով, որ չէր կարող դա չփոխանցել ուրիշներին: Հովիվ Տիգրանի վկայությամբ` նույնիսկ հիվանդանոցում նա չէր ցանկացել առանձին հիվանդասենյակ ունենալ, այլ ամեն բան արել էր, որպեսզի ևս մեկ հոգու ծանոթացնի Տեր Հիսուս Քրիստոսին:
Տեսնելով նրա կենսալիությունն ու մահվան վախի բացակայությունը` մարդիկ խնդրում էին,
որ մխիթարվելու և հույս ստանալու համար իր սենյակ բերեն տարեցներին, ովքեր տագնապի
մեջ էին հայտնվել, երբ իմացել էին իրենց անբուժելի հիվանդության մասին:
Սիրելինե'րս, մեր շուրջը, մեր կողքին ապրում են հավատքի հերոսներ, ովքեր պատվով, քաջությամբ
և սիրով անցնում են իրենց ասպարեզը` մեծ օրինակ թողնելով շատերին: Մարդիկ, ովքեր փառավորում
են Աստծուն ոչ միայն իրենց կյանքով, այլ նաև մահով: Հենց այդպիսին էր նաև Հայկուհի
Բաբայանը»:
Հիշեցնենք, որ մյուզիքլի պրեմիերան տեղի էր ունեցել Զատկի տոնի կապակցությամբ՝ այս տարվա ապրիլի 19-ին:
Սեփական լրատվություն
Լուսանկարների ալբոմը՝ ԱՅՍՏԵՂ
Լուսանկարները՝ Սաթենիկ Հովսեփյանի