Եփեսոս

Եփեսոս
Հռոմեական Ասիա նահանգի ամենանշանավոր քաղաքը։ Եփեսոսը կամուրջ էր արևելքի և արևմուտքի միջև։ Այն գտնվում էր Ասիան հատող քարավանային առևտրական մայրուղիներից մեկի ծայրամասում, Կայիստերի գետաբերանի մոտ։ Մինչև Պողոսի այցելությունը, տեղի նավահանգիստը սկսել էր ծածկվել տիղմով։ Սակայն քաղաքը հիանալի էր իր մարմարապատ փողոցներով, բաղնիքներով, գրադարաններով, շուկայի հրապարակով և թատրոնով, որ տեղավորում էր մոտ 25.000 հանդիսատես։ Եփեսոսի Արտեմիս դիցուհու տաճարը, որը չափերով չորս անգամ գերազանցում էր Աթենքի Պարթենոնին, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր։ 
Եփեսոսը բնակեցվել է ՔԱ 12-րդ դարից։ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում բնակչության թիվը կազմում էր մոտ 300.000 մարդ՝ ներառյալ նաև մեծ թվով հրեաներ։
Շուտով Եփեսոսը վաղ քրիստոնեության համար կարևոր կենտրոն դարձավ։ Իր երկրորդ առաքելական ճանապարհորդության ժամանակ Պողոս առաքյալը կարճ ժամանակով այցելեց քաղաք, իսկ նրա ընկերներ Ակյուղասն ու Պրիսկիղան մնացին այնտեղ։ Իր երրորդ ճանապարհորդության ժամանակ Պողոսը երկու տարի անցկացրեց Եփեսոսում և նպաստեց ամբողջ գավառում քրիստոնեության տարածմանը։ Այստեղ նա համոզեց ժողովրդին, որ ձեռքով պատրաստված պատկերներն աստվածներ չեն։ Արտեմիս դիցուհու արծաթյա մանրաքանդակների վաճառքն սկսեց նվազել, որի հետևանքով արծաթագործները խռովություն բարձրացրին։ 
Եփեսոսում Պողոսը գրեց իր երկու Թղթերը՝ ուղղված կորնթացիներին։ Ենթադրվում է, որ այս- տեղ են գրվել նաև այն Թղթերը, որոնք ուղարկվել են բանտից (փիլիպպեցիներին և ուրիշներին)։ Երբ Պողոսը լքեց քաղաքը, տեղի եկեղեցին ղեկավարեց Տիմոթեոսը։ Հետագայում Պողոս առաքյալը մի նամակ գրեց Եփեսոսի քրիստոնյաներին։ Հայտնություն գրքի յոթ եկեղեցիներին ուղղված նամակներից մեկը նաև նրանց է հասցեագրված։ 
Ավանդության համաձայն, Եփեսոսը համարվում է Հովհաննես առաքյալի հայրենիքը։
Աղբյուր՝ www.biblesociety.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ