Երաժշտությունը մտածելակերպ է. Զրույց երաժիշտ Վահրամ Յանիկյանի հետ

Երաժշտությունը մտածելակերպ է. Զրույց երաժիշտ Վահրամ Յանիկյանի հետ
Երաժշտությունը թերևս այնպիսի ոլորտ է, որ մինչև վերջ դժվար թե կարողանանք բացահայտել: «Երաժշտությունը ստեղծվել է Աստծուն փառաբանելու համար և վերջնական նպատակը դա պետք է լինի». այսպես է ներկայացնում երաժշտությունը մեր զրուցակիցը՝ «Նոր Սերունդ» եկեղեցու երաժշտական մասի պատասխանատու Վահրամ Յանիկյանը:
Վահրամն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ իր կյանքը նվիրել է Քրիստոսին և ակտիվորեն ծառայում է Տիրոջը երաժշտության բնագավառում:
«13 տարեկան էի, երբ եկեղեցի եկա, և առաջին բանը, որ տեսա, բեմում դրված ստեղնաշարային գործիքն էր, ու անմիջապես մտածեցի՝ երանի թե ես այդտեղ կանգնած լինեի ու նվագեի: Հետաքրքիր է, բայց մեկուկես տարի անց ես արդեն նվագում էի»,- վաղեմի տպավորությունների և երաժշտական ամենաառաջին ձգտումների մասին պատմում է Վահրամը: Այսօր նա երգեր է գրում, զբաղվում գործիքավորմամբ, և, ինչպես ինքն է հաստատում՝ անում է ամեն բան՝ քրիստոնյա լսարանին որակյալ երաժշտություն և երգ մատուցելու համար:
- Վահրա՛մ, ի՞նչ է երաժշտությունը:
- Սա շատ բարդ հարց է: Երաժշտությունը չի երևում, երաժշտությունը չես կարող շոշափել, բայց այն ազդում է: Ինքնին երաժշտությունն իր էությամբ ու արմատներով հոգևոր է, աստվածային: Մեկ այլ բան է, որ ուրիշ ուժեր վերցնում են ու օգտագործում այն իրենց շահերի համար: Սակայն երաժշտությունն այն է, ինչով պետք է փառավորեն Աստծուն: Հենց սկզբից երաժշտությունը ստեղծվել է դրա համար, որպեսզի փառավորեն Աստծուն: Ամենասկզբից երաժշտությունը երկնքում է եղել, և վերջնական արդյունքում այնտեղ էլ շարունակվելու է:
- Հոգևոր մարդը պե՞տք է արդյոք լսի աշխարհիկ երաժշտություն: Կա՞ ինչ-որ չափաբաժին կամ սահման:  
- Այսօր երաժշտությունը հիմնականում օգտագործվում է ինչ-որ արժեքներ քարոզելու համար, հատկապես՝ արտերկրում: Մարդը ինքը պետք է հասկանա` կարո՞ղ է լսել այդ երաժշտությունը ու մնալ իր տեղում կանգնած, թե՞ դա իրեն շեղելու է, որովհետև չպետք է մոռանալ, որ երաժշտությունը մեծ ուժ ունի: Գուցե չհասկանաս, բայց այն քո մեջ սերմեր է ցանում: Ուստի ինչով որ լցնես քո երգացանկը, այդ սերմերն էլ աճելու են:
Երաժշտությամբ կարող ես քարոզել և՛ աստվածային արժեքներ, և՛ սատանայական արժեքներ: Կարծում եմ, որ հիմնականում այս երկուսն են, ուրիշ արժեքներ չկան: Իհարկե, կա երաժշտություն սիրո մասին, գուցե սովորական, պարզ սեր է  քարոզում, ինչո՞ւ ոչ, կարող ես լսել, բայց պաշտպանված և ուշադիր լինես, որ քեզ չկլանի:
Գիտե՞ք, երաժիշտ կա՝ նվագում է՝ Աստծո ներկայությունն է գալիս, ու երաժիշտ կա՝ նվագում է, ու սատանայական ներկայություն է գալիս, որովհետև, ինչպես նշեցի, երաժշտությունը հոգևոր բան է, և՛ Աստված, և՛ սատանան հետաքրքված են երաժշտությունը իրենց օգտին օգտագործելու համար:
Երաժշտությունը մտածելակերպ է: Ամեն երաժշտություն իր մեջ մտածելակերպ ունի՝ լինի դա ռոք, ջազ, թե մեկ այլ ուղղություն: Այսօր աշխարհը երաժշտության միջոցով փորձում է ուղեղներ լվանալ, քարոզել արժեքներ, որոնք դեմ են քրիստոնեությանը, սակայն, սա տեսնելով, եկեղեցիները ևս պետք է սկսեն լայնորեն կիրառել երաժշտությունը և հատկապես Հայաստանում ամեն բան անեն, որ մատուցվող երաժշտության որակը բարձրանա: Քրիստոնյայի համար երաժշտությունը պետք է լինի և՛ ավետարանչության միջոց, և՛ մտածելակերպ, և՛ մեծ ուժ, որ պետք է ճիշտ օգտագործել Աստծո թագավորության մեջ:
- Ըստ քեզ, կա՞ երաժշտության ճյուղ, որ պետք է գերակշռի եկեղեցիներում կամ հակառակը՝ ընդհանրապես չլինի: Կա՞ կոնկրետ երաժշտության տեսակ, որով պետք է փառաբանենք Աստծուն:
11224864_1063215623723541_63135860286347
Երաժշտությունը մտածելակերպ է. Զրույց երաժիշտ Վահրամ Յանիկյանի հետ- Չեմ կարծում, թե Աստծուն փառաբանելու համար ինչ-որ յուրահատուկ տեսակ կամ ուղղություն գոյություն ունի: Ամեն երաժշտություն, ամեն երաժշտական ոճ կարող է փառաբանել Աստծուն: Ամեն բան կախված է նրանից, թե ուր է տանում երաժշտությունը, կարևոր են նաև խոսքերը: Կարևոր է, թե ով է ստեղծում երաժշտությունը: Պարտադիր չէ, որ երաժշտությունը բառեր ունենա իր մեջ, որովհետև այն ինքնին խոսում է:  Շատ անգամ եղել է` լսել եմ երաժշտություն, և տհաճ զգացումներ եմ ունեցել ու հետո, երբ կարդացել եմ, թե ինչի մասին է եղել այդ երաժշտությունը, նոր հասկացել եմ, թե ինչու է նման ազդեցություն ունեցել ինձ վրա:
Ինձ թվում է՝ երկնքում երաժշտական ոճեր չեն լինելու, այլ լինելու է մեկ միաբան երգ-երաժշտություն: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցիներին, ապա կարող է եկեղեցում հնչել դասականից մինչև ռոք, մինչև հիփ-հոփ, էականը ոչ թե ոճն է, այլ այն, թե ով է ստեղծում այդ երաժշտությունը ու ինչ է ուզում այդ երաժշտությամբ քարոզել: Եվ մեկ բան էլ. եթե երաժշտությունը և երգը չեն հուզում, ուրեմն՝ այն չի ստացվել:
Ժամանակներ առաջ շատ եկեղեցիներում բարձրացված էր այն հարցը, թե ռոք եկեղեցում չի կարելի, կամ գուցե որևէ այլ ոճ… Իհարկե, շատերը, երբ լսում են ռոք անունը, պատկերացնում են միայն ինչ-որ սատանայական անկառավարելի ամբոխ, կրակներ, գոռում-գոչյուններ, գուցե սա է եղել պատճառը, որ այդ երաժշտական ուղղությունն այդքան խոսակցություններ է բերել:
Ես չեմ կարծում, որ Աստված «չի կարելի»-ների Աստված է: Գուցե այստեղ հարցը ընդամենը մարդկային «ճաշա՞կն է»:  Եթե ես կարող եմ հոգևոր ռոքով փառաբանել Աստծուն, եթե ես կարող եմ այսօր ռոքով ինչ-որ բան ասել, եթե իմ ռոքը կարող է Սուրբ Հոգու ներկայությունը բերել, որը որ ամենակարևոր բանն է փառաբանության ու երկրպագության մեջ, թող ռոք լինի, եթե ես ռեգգիով կարող եմ Սուրբ Հոգու ներկայությունը բերել, ուրեմն՝ թող ռեգգի լինի: Այստեղ ամենակարևորն այն է, որ երաժշտությունը միջոց է Սուրբ Հոգու ներկայությունը բերելու, երաժշտությունը միջոց է, որ մարդը լսի ու դրանով մտնի Աստծո ներկայության մեջ: Երաժշտությունը ճանապարհն է՝ նման թռիչքուղու, որ պատրաստում է քեզ թռիչքի:
Նշեցիր, որ երկնքում երաժշտական որևէ ոճ չի լինելու: Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսի՞ երաժշտություն կլինի այնտեղ:
10906416_897820290263076_531415314018065
- Երկնային երաժշտությունը կտարբերվի մարդկանց ստեղծած երաժշտությունից: Ես չգիտեմ, թե դա ինչ ոճ կլինի, կարծում եմ՝ բոլոր ոճերը: Մարդիկ հավանաբար վերցրել ու առանձնացրել են, բաժանել ըստ իրենց ճաշակի այն, ինչ նախապես մեկ է եղել:
- Քանի որ եկեղեցում ես դեռևս 2000-ական թվականներից, ի՞նչ կասես երգերի մասին: Այսօր ոմանք կողմ են հին ու սիրված երգերին, ոմանք՝ նոր երգեր թարգմանելուն:
- Ես հակված եմ, որ լինի ամեն ինչ: Լինեն գրված երգեր, լինեն հին ու նոր երգեր, լինեն թարգմանված երգեր: Որովհետև ամեն երգ, ամեն ոճ ունի իր լսարանը: Պետք չէ, որ հին ու նոր սերնդի միջև կապը կտրվի:
Ես սիրում եմ հին երգերը, դրանք շատ անկեղծ էին, դրանք Հայաստանի արթնության ժամանակահատվածում գրված երգեր են ու դրանցից ամեն մեկը մի գանձ է: Ուղղակի այն ժամանակ համապատասխան վերաբերմունք ցույց չի տրվել այդ երգերին: Երգն ունի մելոդիա և ունի գործիքավորում, եթե այդ երգերին ավելի լուրջ վերաբերմունք ցույց տրվի հիմա, ապա դրանք մեծ պտուղներ կարող են բերել եկեղեցիներում, որովհետև դրանք շատ ազդեցիկ երգեր են: Նոր երգերին դեմ չեմ, ինքս գրում եմ երգեր ու իմ կարծիքով, երգը պարզապես գրված չպետք է լինի, երգը պետք է ծնվի ինչ-որ մի պատմության, վերապրումի հիման վրա: Եթե երգը քո հուզմունքներից, քո ապրումներից չի ծնվել, եթե դա ինքնաբերաբար արվող մի գործընթաց է, ապա այն չի ազդելու: Իսկ երբ դու մտնում ես Աստծո ներկայության մեջ` Աստված գալիս է, և դու երկնքից ես վերցնում երգը, ապա այն անշուշտ տարբերվելու է այն երգերից, որոնք որ գրվել են մարդկանց կողմից, թեկուզ Աստծո համար, ես համոզված եմ դրանում:
- Որպես փառաբանության ծառայող, ի՞նչ խորհուրդ կտաս հայաստանյան փառաբանության ծառայողներին:
- Ես խորհուրդ կտամ եկեղեցիների փառաբանության խմբերին, որ ինչպես վերաբերվում են հոգևոր դաշտին, հոգևոր հասակին, նույնպես ուշադիր լինեն երաժշտության և իրենց ունակությունների հանդեպ, որովհետև դա էլ է Աստծո համար, այսինքն՝ եթե նրանք հավասարաչափ վերաբերմունք ցույց տան և’ հոգևորին, և’ երաժշտությանը, շատ ավելի պտղաբեր կլինեն:
Խորհուրդ եմ տալիս, որ ամեն փառաբանող լրջորեն զբաղվի իր՝ ինչպես հոգևոր, այնպես էլ երաժշտական վարպետության ու մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ: Երբ երաժիշտը չի աշխատում իր վրա և ուզում է ամեն ինչ «թողնել» միայն Սուրբ Հոգուն, դժվար թե նա հաջողի: Այո՛, մենք անոթ ենք Սուրբ Հոգու: Սուրբ Հոգին օգտագործում է մեր կարողությունները, մեր վարպետությունը, Սուրբ Հոգին օգտագործում է այն ամենը, ինչ մենք սովորել ենք: Ես հավատում եմ հրաշքների. կարող է մարդ նվագել չիմանալ, ու հանկարծ Սուրբ Հոգին պարգև տա, ու ինքը սկսի նվագել: Ես լսել եմ նման դեպքեր, բայց եթե այդ պարգևը դեռևս չի եղել, եկեք աշխատենք, որովհետև եթե աշխարհը բարձր որակի երաժշտություն է ապահովում աշխարհի մարդկանց համար, որքան առավել մենք պետք է բարձր որակի երաժշտություն ապահովենք Աստծո և Աստծո ժողովրդի համար, հոգի դնենք դրա մեջ:
Շատ եմ ուզում, որ Հայաստանում փառաբանության խմբերը, փառաբանության անդամները նվիրվեն ու ջանասիրաբար սկսեն աշխատել նաև իրենց մասնագիտական կարողությունների վրա:

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ