Ես իմ եղբոր պահապանն եմ

Ես իմ եղբոր պահապանն եմ

«Նոր սերունդ» եկեղեցու այսօրվա՝ նոյեմբերի 22-ի ծառայության պատգամախոսը երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանն էր:

Նրա խոսքը սիրո, անտարբերության և ատելության մասին էր:

Ծննդոց 4:1-9-ում նկարագրված է, թե ինչպես Կայենը սպանց Աբելին: Իսկ երբ Տերը Կայենին հարցրեց, թե ո՞ւր է քո եղբայրը, Կայենն ասաց՝ «Չգիտեմ,մի՞թեես եղբորս պահապանն եմ»։

Սա հանդուգն պատասխան է: Կայենն ավագ եղբայրն էր: Ամենայն հավանականությամբ նա մանուկ հասակից սիրել է եղբորը՝ Աբելին: Հետո սերը դարձավ անտարբերություն, դա էլ վերածվեց ատելության:

Ատելությունը միանգամից չի ծնվում: Ատելության առաջին քայլը անտարբերությունն է: Գուցե շատ խիստ է հնչում, բայց հետևությունը միակն է՝ եթե դու քո եղբոր պահապանը չես, ուրեմն սպանում ես նրան:

Ժամանակակից կյանքը և տեխնիկան մարդուն մեկուսացնում են եղբայրներից: Բայց մարդուն շփում է անհրաժեշտ: Մեզ սեր է անհրաժեշտ:

1 Հովհ.3:14-ում ասվում է՝ «Մենք գիտենք,որ մահվանից դեպի կյանք փոխադրվեցինք,որովհետև սիրում ենքեղբայրներին»: Հետևաբար, եթե ուզում ես ստուգել, փրկվա՞ծ ես արդյոք, փոխադրվե՞լ ես մահից դեպի կյանք, ապա ստուգիր՝ սիրու՞մ ես քո եղբայրներին:

Եթե մենք տեղափոխվել ենք մահից դեպի կյանք, ապա չենք կարող չսիրել: Աշխարհն ունի ամեն բան, բացի սիրուց: Մենք պետք է պատասխանատվություն վերցնենք պահապան լինելու մեր եղբայրներին, պատասխանատվություն կրելու նրանց համար, սիրելու նրանց: Ավելին՝ մենք պետք է մեր վարքով ուրիշի գայթակղության պատճառ չդառնանք:

«Ուստի մենք, որ հավատի մեջ ուժեղ ենք, պետք է թույլերի տկարությունը կրենք, և ոչ թե մեզ հաճեցնենք»: Հռոմ.15:1:

Երբ տեսնում ենք, որ մեր եղբայրը տկար է, կարիքի մեջ է, ապա դու պատասխանատու ես դրա համար:

Որքանո՞վ ես առաջնորդվում Աստծո Խոսքով, որքանո՞վ ես պատասխանատու եղբորդ համար, որքանո՞վ ես պատրաստ կրել եղբորդ տկարությունը: Նմանվու՞մ ես արդյոք Հիսուսին:

«Ես պահեցի և նրանցից ոչ մեկը չկորավ» (Հովհ.17:12),- ասում է Տերը: Եթե դու քրիստոնյա ես, ուրեմն դու էլ կանչված ես սիրելու և պահպանելու: Դա միայն հովվի, ծառայողի կամ քարոզչի պարտականությունը չէ: Դա յուրաքանչյուրր քրիստոնյայի պարտականությունն է:

Հիսուսը կճանաչի քեզ, եթե քո մեջ տեսնի Իրեն, եթե տեսնի, որ դու քո եղբայրներին սիրում ու պահպանում ես այնպես, ինչպես Ինքը սիրեց ու պահպանեց: Ու կասի՝ ապրես, հավատարիմ բարեկամ: Ու կգրկի քեզ …

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ