Ես ու Հայրը մեկ ենք

Ես ու Հայրը մեկ ենք

Հիսուսը եկել է, որպեսզի քանդի սատանայի գործերը, բարձրացնի ընկածին, բժշկի հիվանդներին, իրավունք ու արդարություն հաստատի: Հիսուսը եկել է, որպեսզի իմանանք, թե ով ենք մենք Հիսուս Քրիստոսի մեջ:

Աստված մեզ սիրել է հավիտենական սիրով: Նա ուզում է, որ մենք օրհնվենք, ապրենք ուրախ, առողջ ու ազատ կյանքով, Նա ուզում է, որ մենք հասկանանք, որ Իր զավակներն ենք:

Որքա՜ն վիշտ, ցավ ու նեղություն կա մարդկանց սրտերում: Բայց Հիսուսն ամեն իրավիճակի համար ունի Իր յուրահատուկ դեղամիջոցը, Իր լուծումը:

Աշակերտները տրտմեցին, երբ Հիսուսն ասաց, որ գնալու է: Բայց Հիսուսը քաջալերեց նրանց: Ասաց, որ չտրտմեն, չխռովվեն, Միայն հավատան.

«Ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ Ես խօսում եմ ձեզ հետ, Իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ Ինձանում բնակած է, Նա է գործում այդ գործերը: Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն Ինձանում է»: Հովհ.14:10-11:

Որքան էլ տրտմած և նեղսրտած լինես, իմացիր, կա դեղամիջոց, որը զորավոր է և ամեն իրավիճակում տանում է դեպի հաղթություն: Դա այն հավատն է, որ ինչ էլ լինի քո կյանքում, դու երկնքում տուն ունես: Ամեն բան, ամեն ցավ ու տխրություն ժամանակավոր է, վերջ ունի, անցնելու է: Այն, ինչն ապրում ես քո կյանքում, ամբողջ քո կյանքը նույնիսկ մի կաթիլ չի հավիտենության օվկիանոսում:

Աստծո հավիտենական թագավորության ընկալումը բուժում է բոլոր խնդիրները, քանի որ այդ բոլոր խնդիրներն անցողիկ են: Այնտեղ ուր գնալու ենք, չկա ոչ մի խնդիր, ոչ մի հիվանդություն, ոչ մի տխրություն, ոչ մի դժվարություն:

«Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»։ Հովհ:16:33:

Առաջին հայացքից թվում է, թե մեր նեղությունն ի՞նչ կապ ունի Իր հաղթանակի հետ: Բայց Հիսուսի հաղթանակը մեր հաղթանակն է, քանի որ.

«Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է»: 1Հովհ.5:5

Հոգևոր աշխարհում քեզ ճանաչում են ոչ թե նրանով, թե ով կամ ինչպիսին ես դու, այլ թե ում մեջ ես դու: Երբ դու Ադամի, ադամական մեղքի մեջ էիր, քեզ ճանաչում էին որպես Ադամ: Այժմ, երբ դու Հիսուսի մեջ ես, քեզ ճանաչում են որպես Հիսուս: Առյուծից առյուծ է ծնվում, ոչ թե կատու:

Եթե դու լցված ես Սուրբ հոգով, դժոխքը տեսնում է ոչ թե քեզ, այլ քո մեջ բնակվող Սուրբ Հոգուն: Մենք իշխանություն և զորություն ունենք, բայց դրա պատճառը ոչ թե մենք ենք, այլ այն, որ մեր մեջ է Հիսուսը և մենք Հիսուսի մեջ ենք:

Պողոս առաքյալն ասում է՝ «Այսուհետև ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ»: (Գաղ.2:20): Քրիստոսը քո մեջ է: Եթե դու ամեն օր մերժում ես հին՝ ադամական մարդուն, ապա նոր մարդը, որ բնակվում է քո մեջ, աճում է և զորանում: Ու մարդիկ քեզ տեսնելով, տեսնում են քո մեջ բնակվող Հիսուսին:

Հիսուսը եկավ, որ դու ճանաչես ինքդ քեզ, հասկանաս, որ այլևս դու չես ապրում, այլ ապրում է քո մեջ բնակվող Հիսուսը: Եթե դու ապրես Հիսուսի մեջ Հիսուսի համար, Հիսուսն էլ կապրի քո մեջ քեզ համար:

Թո՛ւյլ տուր, որ քո մեջ բնակվի Հիսուսը:

Տիգրան Թադևոսյանի 03.06.2018թ. կիրակնօրյա պատգամից:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ