Ես սիրում եմ քեզ

Ես սիրում եմ քեզ

Մի օր կինս խնդրեց, որպեսզի մի ուրիշ կնոջ հրավիրեմ ճաշի, իսկ հետո ֆիլմ դիտելու։

-Ես սիրում եմ քեզ, - ասաց նա,- բայց նա էլ է քեզ սիրում, և շատ կցանկանա քեզ հետ ժամանակ անցկացնել։ 
Այն կինը, ում պետք է հրավիրեի ճաշի, իմ մայրն էր։ Արդեն 19 տարի էր, որ նա այրի էր, բայց իմ աշխատանքը և երեք երեխաներով զբաղված լինելը թույլ չէր տալիս հաճախ այցելել նրան։

Երբ զանգեցի նրան, նա զարմացավ՝ մտածելով, թե ինչ-որ վատ բան է պատահել։ Հրավերս լսելուց հետո նա պատասխանեց, որ մեծ հաճույքով կճաշի ինձ հետ։ Ուրբաթ աշխատանքից հետո ես նրա տուն գնացի մեքենայով, որպեսզի միասին գնանք պայմանավորված ճաշին։ Ես հուզված էի։ 
Երբ նա դուռը բացեց, նկատեցի, որ նա էլ էր հուզված։ Մայրս գանգրացրել էր վարսերը, հագել այն շորը, որը վերջին անգամ կրել էր իր վերջին ամուսնական տարեդարձը նշելիս։ Նա ժպտում էր ինձ ինչպես հրեշտակ։

Ռեստորան մտավ հպարտությամբ, ինչպես առաջին տիկին։ ճաշացանկը նրա համար բարձր կարդացի, քանի որ նա այլևս լավ չէր տեսնում։ Իսկ ամբողջ այդ ընթացքում նա, աչքերը ինձ հառած, քնքուշ ժպտում էր։ 
-Հիշո՞ւմ ես, - ասաց նա,- երբ դու փոքր էիր, ես էի ճաշացանկը քեզ համար կարդում։ 
Մենք հաճելի զրույց ունեցանք, նույնիսկ ուշացանք ֆիլմից։ Երբ ուշ երեկոյան ես նրան տուն տարա, նա ասաց. 
-Ես մեծ հաճույքով էլի քեզ հետ կճաշեմ, բայց միայն թե ես եմ հրավիրում։ 
Ես համաձայնեցի։

-Ինչպե՞ս անցավ երեկոն, - հարցրեց կինս, երբ տուն հասա։ 
-Հիանալի,- պատասխանեցի ես, - շատ ավելի լավ, քան թե սպասում էի։

Մի քանի օր անց մայրս մահացավ։ Եվ մենք այդպես էլ չհասցրեցինք իրար հետ ևս մեկ անգամ ճաշել։ Մի որոշ ժամանակ անց ծրար ստացանք, որի մեջ դրված էր նույն ռեստորանի նախոօրոք վճարված կտրոն և մի նամակ. 
-Ես համոզված չէի, որ կկարողանամ ներկա գտնվել ճաշին, այդ պատճառով նախապես եմ վճարել։ Վճարել եմ քո և կնոջդ համար։ Դու չես պատկերացնում, թե ինչ մեծ նշանակություն ունեցավ այդ երեկոն ինձ համար։ Ես սիրում եմ քեզ, որդի՜ս։

Այդ պահին ես հասկացա "Ես սիրում եմ քեզ" արտահայտության կարևորությունը, և թե ինչ մեծ նշանակություն ունի ժամանակ հատկացնելը մեր հարազատներին։ Ընտանիքը անգին է։ Հատկացրեք նրանց այն ժամանակը, որին նրանք արժանի են, քանի որ այդ ժամանակը չի կարող հետաձգվել։

Աղբյուր՝  Ես Քրիստոնյա եմ


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ