Եթե Աստծո պարգևը գիտենայի՜ր…
Տիրոջը ծառայելը սրտի խնդիր է: Եթե ունես ծառայելու սիրտ, ապա Աստված քեզ կտա դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները:
Հիսուսը ծառայող սիրտ է փնտրում: Եթե մեկը հասկացել է, թե ով է Հիսուսն իր համար և ուզում է ծառայել Հիսուսին, Հիսուսը կհետաքրքրվի նրանով, կգտնի նրան, կբարձրացնի և կթագավորի նրա կյանքում:
Ջրհորի մոտ Հիսուսը խոսեց մի մեղավոր կնոջ հետ (Հովհ.4:5-30): Կինը ջրհորի մոտ էր եկել օրվա շոգ ժամին, որպեսզի ոչ մեկին չհանդիպի: Ինքը մերժված էր բոլորի կողմից, բոլորը դատապարտում էին նրան: Բայց Հիսուսը չէր եկել, որպեսզի դատապարտի, այլ գտնի կորածին, բարձրացնի ընկածին:
Կինը զարմացավ, որ մի գեղեցիկ երիտասարդ, ինքն էլ հրեա, խոսում է իր հետ: Ավելին՝ ջուր է ուզում իրենից: Բայց Հիսուսը նրան ասաց.
«Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է Նա, որ քեզ ասում է, թէ Տուր ինձ խմել, ապա դու Նորանից կ’խնդրէիր, եւ Նա կենդանի ջուր կ’տար քեզ»: Հովհ.4:10:
Հիսուսի նպատակը կնոջը Ավետարան քարոզելն էր: Քանի որ կինը եկել էր ջուր հանելու, Հիսուսը խոսեց ջրի մասին: Նայելով կնոջը, Հիսուսը հասկացավ, որ նա ծառայելու է Իրեն:
Կինը չգիտեր Աստծո պարգևի մասին: Եթե իմանար, ինքը Հիսուսից ջուր կխնդրեր, Նրա զորությունը կխնդրեր, Նրա օրհնությունն ու պարգևները կխնդրեր: Եվ շատ կարևոր է, որ Հիսուսը կտար նրան այդ կենդանի ջուրը՝ «եւ Նա կենդանի ջուր կ’տար քեզ»:
Այսօր Էլ Հիսուսը ծարավ է: Գրված է՝ այն ժամանակ արդարները կասեն, Տեր, ե՞րբ տեսանք Քեզ ծարաված ու ջուր տվեցինք քեզ: Եվ Տերը կասի, թե, եթե որևէ մեկին ջուր տվեցիք Իմ անունով, ուրեմն Ինձ տվեցիք: Եթե դու գիտես, թե Ով է Նա, դու չես կարող մերժել ու չծառայել Նրան: Սուրբ Հոգին քո ձեռքերի կարիքն ունի, որպեսզի դրանցով գրկի մեկին: Նա քո ոտքերի կարիքն ունի, որպեսզի դրանցով գնա Ավետարանը քարոզելու:
Որպեսզի կնոջը ցույց տա, թե ով է իր հետ խոսողը, Հիսուսը նրան ասաց ողջ ճշմարտությունը իր տղամարդկանց մասին: Ու երբ կինը հասկացավ, թե Ով է իր հետ խոսողը, գնաց իր քաղաքը ու Հիսուսի մասին պատմեց ամբողջ քաղաքին:
Եթե դու չես գնում մադկանց Հիսուսի մասին պատմելու, ուրեմն դու դեռ ամբողջությամբ չես հասկանում, թե ով է Նա:
Կինը, որ իր քաղաքում անցանկալի մեկն էր, պատմեց Հիսուսի մասին և ամբողջ քաղաքին առաջնորդեց Հիսուսի մոտ: Աստված բարձրացրեց նրա հեղինակությունը: Երբ դու գիտես Աստծո պարգևը, եթե գիտես, թե ով է Հիսուսը, դա քեզ կմղի ծառայելու Տիրոջը:
Տիգրան Թադևոսյանի 20.10.2019 թ. կիրակնօրյա քարոզից: