Եթե հավատաս՝ Աստծո փառքը կտեսնես
«Յիսուսը քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում, թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին»: Մարկ.1:14-15:
Աստծո թագավորությունում չկա խավար, չկա անեծք, չկա հիվանդություն, չկա սուտ և չկա չարիք: Հիսուսը քարոզում էր Աստծո արքայությունը, որտեղ, ընդհակառակը, կա լույս, օրհնություն, առողջություն, արդարություն և սեր:
Սատանան Ադամից վերցրեց իշխանությունը և վեց հազար տարի իշխում է աշխարհի վրա: Սատանան տարածում է այն ամենը, ինչը չկա Աստծո արքայությունում: Բայց Հիսուսն ասաց, որ մոտեցել է Աստծո արքայությունը, դու կարող ես դուրս գալ սատանայի իշխանության տակից: Դրա համար հարկավոր է ապաշխարել: Ապաշխարությունն ընդամենը սկիզբն է: Նպատակը Աստծո արքայությունն է: Ապաշխարության միջոցով այն ամենը, ինչ կա Աստծո արքայությունում, կմոտենա քեզ:
«Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ Նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը»: Հովհ.1:14:
Մարդկությունն իր պատմության ընթացքում երբևէ նման շնորհ չէր տեսել՝ Աստված մարդ էր դարձել, հասարակ մարդ: Նա լիքն էր ճշմարտությամբ, շնորհքով ու սիրով: Նա եկավ, որ Իր վերքերով բժշկի մարդուն: Աստված մարդուն առողջ է ստեղծել: Մարդու ճակատագիրը առողջ լինելն է: Սատանան խլել է առողջությունը, բայց Հիսուսը եկավ, որ քանդի սատանայի գործերը:
Երբ Հիսուսին հայտնեցին, որ Ղազարոսը հիվանդ է (Հովհ. 11:4), Հիսուսը չշտապեց նրա մոտ, այլ ասաց, որ այդ հիվանդությունն Աստծո փառքի համար է: Երբ բժիշկներն ասում են, որ հիվանդությանը այլևս ոչ մի բուժում չկա, հավատա, որ Հիսուսը կարող է բժշկել: Մարթան և Մարիամը ասում էին, որ եթե Հիսուսը ժամանակին գար, Ղազարոսը չէր մեռնի: Իսկ Հիսուսը պատասխանեց՝ «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհ.11:25):
Կյանք ստեղծողը, կյանքի աղբյուրը, Ինքը՝ Կյանքը, եկել էր աշխարհ և կանգնած էր Մարթայի ու Մարիամի առաջ: Նա արտասվեց Ղազարոսի համար, որովհետև ամեն մարդու մահ մեծ ցավ է Աստծո համար:
Թեև Մարթան գիտեր, որ նախկինում էլ Հիսուսը հարություն էր տվել մեռելներին, սակայն դեռևս ամբողջությամբ չէր հավատում, որ Հիսուսը կյանքն է: Մարթան Հիսուսին զգուշացրեց, որ Ղազարոսն արդեն հոտել է: Բայց Հիսուսը հանդիմանեց Մարթային.
«Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես»: Հովհ.11:40:
Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին: Հիսուսը ոչ միայն այն ժամանակ էր կյանքի աղբյուրը: Հիսուսը նույնն է երեկ, այսօր և հավտյան: Հիսուսը բժշկում է: Նա քո բժիշկն է: Դու միայն պիտի հավատաս: Հիսուսը վճարել է քո հիվանդության դիմաց: Դու բժշկված ես Նրա վերքերով:
Հիսուսը հարություն տվեց չորս օր առաջ մեռած մարդուն: Ուրեմն հավատա, որ չկա այնպիսի հիվանդություն, որ Հիսուսը չբժշկի:
Սեփական լրատվություն