Գոհության գաղտնիքը
Աստված սիրում է գոհացող սիրտ ունեցողներին:
Գոհացող սիրտ ունենալը հեշտ չէ, քանի որ միայն իրական հավատացյալները կարող են գոհանալ նեղության մեջ:
Դավիթն ասում է՝ «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռանա Նրա բոլոր բարիքները»: Սաղմ.103:2:
Գոհության հիմքում ընկած է հիշողությունը: Գոհությունն այն է, երբ չես մոռանում, երբ հիշում ես Աստծուն և Նրա արած բարիքները: Երբեք մի մոռացիր Նրան, Ով իր կյանքը տվեց հանուն քեզ: Թեև դու չես ուզում մոռանալ, բայց քո հիշողությունը աստիճանաբար մարում է, եթե այն պարբերաբար չթարմացնես: Ահա սա նկատի ունի Դավիթն ասելով. «... եւ մի մոռանա Նրա բոլոր բարիքները»:
«Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքում հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով Նրանում գոհութիւնով»։ Կող. 2:7:
Ուզո՞ւմ ես աճել, ուզո՞ւմ ես աճեն քո օրհնությունները, հնարավորությունները, միջոցները՝ գոհացի՛ր: Գոհությունն այն ջուրն է, որ ջրում է բարիքները, ինչպես ծաղիկները: Դա այն ջուրն է, առանց որի բարիքները կչորանան չջրվող ծաղիկների նման:
Կար ժամանակ, երբ Եգիպտոսում էինք՝ մեռած էինք հանցանքներում և մեղքերում (Եփես. 2:1): Եվ Տերը մեզ հանեց Եգիպտոսից.
«Եւ հիշիր, որ դու ծառա էիր Եգիպտոսի երկրում, եւ քո Եհովայ Աստուածը զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից»: 2 Օր.5:15:
«...հիշիր քո Եհովա Աստուծուն. Որովհետեւ նա է հարստութիւն ստանալու համար քեզ ուժ տվողը»: 2 Օր.8:18:
Երբ նեղության մեջ ես ու կարծում ես, թե ելք չունես, գոհացի՛ր, որովհետև Տերը քեզ համար պահել է լավագույն լուծումը: Միայն թե մի մոռացիր այն ամենը, ինչ Նա արել է քեզ համար, գոհացիր, մեծարիր Նրան ու Նա քեզ կօրհնի: Երբ տասանորդդ շատանում է, մի սրտնեղիր, այլ ուրախացի՛ր, ուրեմն եկամուտդ է շատացել:
Շատերը ճաշից առաջ աղոթում են, բայց ճաշից հետո, երբ արդեն կուշտ են, չեն գոհանում:
Գոհացի՛ր ամեն փոքր բանի համար, ու Աստված մեծամեծ օրհնություններ կուղարկի քեզ:
Այսպիսին էր հովիվ Տիգրան Թադևոսյանի օգոտոսի 10-ի կիրակնօրյա պատգամի էությունը:
Սեփական լրատվություն