Գրքեր և մի ուրիշ Գիրք
Երկինքն իրական է: Այնտեղ է Աստծո տունը, այնտեղ է Աստծո գահը, Աստծո թագավորությունը: Սուրբ Գիրքը ոչ թե երկրի, այլ Երկնքի մասին է: Երկիրը դատապարտված է, և բոլոր նրանք, ովքեր Երկինք չեն գնալու, նույնպես դատապարտված են: Սակայն Աստված մարդուն ընտրելու հնարավորություն է տվել՝ գնալ Երկի՞նք, թե՞ տանջվել դժոխքում:
Բոլոր մարդիկ գիտեն, որ չարը լավ բան չէ, բայց ուժ չունեն, որպեսզի ազատվեն չարից: Փառք Հիսուսին, որ եկավ, որպեսզի դատապարտի մեղքը, ազատի մարդուն ու առաջնորդի դեպի Երկինք:
Աստված երբեք հենց այնպես ոչինչ չի ասում: Եթե Նա ասում է, ուրեմն դա խիստ կարևոր է: Աստված Հովհաննեսին ասաց.
«Եւինչ որ տեսնում ես, գրի՛ր մի գրքի մէջ եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին, որ Ասիայում են»: Հայտ. 1:11:
Ինչո՞ւ Աստված ասաց՝ ուղարկիր եկեղեցիներին: Որովհետև միայն եկեղեցիները կարող են անել այն, ինչ պատվիրում է Աստված: Աստված սրանից դեռևս երկու հազար տարի առաջ ցույց է տվել, թե ինչ է լինեու հիմա.
«Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ»: Հայտ.4:1:
Սակայն մինչև ապագան ցույց տալը Հովհաննեսը տեսավ Աստծո գահը և այն ամենը, ինչ կար գահի շուրջը: Գահի շուրջը նստած էին քսանչորս երեցները և չորս կենդանիները, որոնք «հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է»: (Հայտ.4:8): Այդ կենդանիները հանգստություն չունեին, նրանց հանգստությունը Տիրոջը փառաբանելն էր:
Աստված այս ամենը Հովհաննեսին ցույց տվեց կիրակի օրը՝ «Եւ կիրակի օրը եղայ Հոգում»: (Հայտ.1:10): Կիրակի օրը քո հանգիստն էլ պիտի լինի Տիրոջը փառաբանելով: Այդ փառաբանությունը ինքնանպատակ չէ: Նպատակը այն գիրքն էր, որ ոչ ոք չէր կարողանում բացել: Բայց Գառը վերցրեց այդ գիրքը, որպեսզի բացի:
«Եւ երբոր գիրքն առաւ, չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է»: Հայտ. 5:8:
Սա ևս մի անգամ ապացուցում է, որ Հիսուսն Աստված է, քանի որ ասված է՝ Միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես: Երեցներն Աստծո առաջ բերել էին երկու բան՝ քնարներ, որ երկրպագությունն է, և խունկով բուրվառներ, որ սուրբերի աղոթքն է: Սուրբերն աղոթում են կենդանության օրոք: Երբ մարդը մեռնում է, այլևս որևէ աղոթք չի կարող փոխել իրավիճակը: Միայն վերստին ծնվածների անունները կարող են գրվել Կյանքի գրքում: Աղոթի՛ր մարդկանց համար, քանի դեռ նրանք կենդանի են, որպեսզի ապաշխարեն և վերստին ծնվեն: Հետո արդեն ուշ կլինի:
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար»: 1Տիմ.2:1:
Առանց աղոթքի ոչինչ չի կարող փոխվել: Նախքան գործելը աղոթի՛ր: Եթե մարդը անհավատ է, աղոթի՛ր նրա համար, խնդրիր, որ Տերը հպվի նրա սրտին: Ավետարանիր միայն աղոթելուց հետո:
«Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է Կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ»: Հայտ.20:12:
Մարդիկ լինում են երկու տիպի՝ Ադամ կամ Քրիստոս: Նրանք, ովքեր ունեն ադամական բնույթ, կդատապարտվեն ըստ վերը նշված գրքերի, որտեղ գրված են նրանց գործերը: Իսկ նրանք, ովքեր Քրիստոսից են, նրանց անունը գրված է այն մի ուրիշ գրքում՝ Կյանքի գրքում: Նրանք չեն դատապարտվելու, այլ հավիտենական կյանք են ժառանգելու:
Մարդիկ հաճախ կարծում են, թե մի քանի պատվիրան կատարելով՝ մի՛ գողացիր, մի՛ շնացիր, մի՛ սպանիր, կարող են երկինք մտնել: Սակայն ոչ մի պատվիրան չի կարող փրկել մարդուն: Մարդը կարող է փրկվել միայն Հիսուսի արյունով, և հենց այդ արյունով է փրկվածների անունները գրվում են մի ուրիշ գրքում՝ Կյանքի գրքում:
Տիգրան Թադևոսյանի 04.03.2018թ. կիրակնօրյա պատգամից: