Հաղթահարելով վախի և հիասթափության հոգին

Հաղթահարելով վախի և հիասթափության հոգին

Վախն ու հավատը անհամատեղելի են: Աստված չի գործում մեր կյանքում, քանի դեռ մեր մեջ վախ կա: Վախի ետևում կանգնած են հոգևոր ուժեր: Սատանան վախի միջոցով մարդուն հեռացնում է Աստծուց:

Բայց Աստված գիտի քո վախի մասին: Աստված գիտի, որ դու անցնելու ես վախի միջով, հաղթելու ես վախը ու հաստատվելու ես Աստծո խոստումների մեջ: Աստված քեզ ասում է՝ «Մի՛ վախեցիր»:

Եղիան գլխավոր մարգարեն էր, մարգարեների առաջնորդը: Նրա հրամանով սպանվել էին ութ հարյուր հիսուսն սուտ մարգարեները: Դրանից հետո տեղի ունեցան հետևյալ դեպքերը.

«Եւ Աքաաբը պատմեց Յեզաբէլին բոլոր ինչ որ Եղիան արել էր, եւ այն բոլորը որ ամեն մարգարէներին սրով սպանել էր: Եւ Յեզաբէլը պատգամաւոր ուղարկեց Եղիայի մօտ ասելով. Աստուածները այսպէս անեն եւ սորանից էլ աւելի անեն, եթէ որ էգուց այս ժամանակին քո անձը նորանցից մէկի անձի տեղ չդնեմ»: Գ Թագ.19:1-2:

Եղիան այնքան վախեցավ, նույնիսկ հետագա ապրելը համարեց անիմաստ: Եղիան հիսաթափվեց:

«Եւ եկաւ մի գիհիի տակին նստեց եւ սրտանց ուզեց որ մեռնէ եւ ասեց. Արդէն բաւական է, ով Տէր, իմ հոգին առ. Որովհետեւ ես իմ հայրերիցը լաւ չեմ»: Գ Թագ.19:4:

Եթե դու պատերազմի մեջ չես՝ դու չես հաղթի: Հաղթում է նա, ով պատերազմում է և չի վախենում: Երբ սատանան ինչ-որ բան է խառնում քո կյանքում, շատ հեշտ է մեղադրել Աստծուն, խռովել Նրանից: Բայց քիչ են այն քրիստոնյաները, ովքեր նույնիսկ փորձության պահին շարունակում են պարծենալ Աստծով, հավատում ու փառաբանում են Նրան: Եթե դու ինչ-որ փորձության մեջ ես, ուրեմն սատանան անհանգիստ է, ուրեմն դու սատանայի համար վտանգ ես ներկայացնում, ուրեմն Աստված ծրագրեր ունի քո կյանքի համար:

Եղիան հաղթել էր: Բայց Հեզաբելը սպառնաց նրան և նա վախեցավ: Հեզաբելը Եղիային վախեցրեց խոսքով: Սատանան խոսք է ուղարկում մարդկանց կյանքի մեջ և մարդիկ վախենում են: Վախից ազատվելու համար նույնպես խոսք է անհրաժեշտ: Ե՛վ վախը, և՛ վախի հաղթահարումը խոսքի արդյունք են: Եթե դու լսում ես սատանայի խոսքը, ապա քո մեջ վախ է առաջանում ու դու կպարտվես: Բայց եթե դու լսես Աստծո Խոսքը, եթե ինքդ խոսես այն, ինչ ասում է Աստված, ապա կպարտվի սատանան:

Մենք հավատում ենք ոչ թե սատանայի, այլ Աստծո Խոսքին:

Սատանան սպառնում է, որ քեզնից կվերցնի ինչ-որ բան: Բայց սատանան քեզ ոչինչ չի տվել, հետևաբար ոչինչ չի կարող վերցնել, եթե չլինի քո վախը:

Եղիան վախեցել էր: Բայց եկավ Աստծո Խոսքը, Եղիան հավատաց Աստծո Խոսքին և հաղթեց սատանային:

«Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է», - ասում է Աստված Աբրահամին (Ծն.15:1): Փոխարինիր  այստեղ Աբրամի անունը քո անունով, ընդունիր Աստծո խոստումները  քո կյանքի մեջ, ու դու կհաղթես վախն ու սատանային:

Մի՛ ըմբոստացիր հովվիդ դեմ, ավագներիդ դեմ, ծնողների դեմ, այլ ըմբոստացիր սատանայի դեմ: Սատանայի դեմ ըմբոստացողը հավատարիմ է Աստծուն:

Տիգրան Թադևոսյանի 21.10.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ