Հատուկ պատգամ՝ հայաստանյան քույրերին
«Կինը կանչված է երկրպագելու և ծառայելու Տիրոջը, իսկ տնային գործերը առօրեական պահանջ են»․Սուսաննա Արությունովա
Օրերս «Նոր սերունդ» եկեղեցու քույրական ծառայության հյուրն էր Իժևսկ քաղաքի «Կյանքի խոսք» եկեղեցու ավագ հովիվ, ազգությամբ հայ, Սուսաննա Արությունովան:
Պատգամը սկսվեց կնոջը` Աստծո հրաշալի ստեղծագործությանը, բարձրացնող խոսքերով: Հովիվ Սուսաննան խոսեց Քրիստոսի վերածնող զորության մասին։
«Վերածնված Քրիստոսը թող նվիրի ձեզ ուրախություն, որպեսզի տրտմության ոգին հեռանա ձեզանից: Եկե՛ք այսօր պարզենք, թե Աստծո Որդին ինչի՞ց ազատեց մեզ: Երբ գալիս է Հիսուսը, Նա սովորեցնում է մեզ ապրել: Նա ազատում է մեզ դատապարտությունից:
Աստվածաշունչը քրեական օրենսգիրք չէ, որպեսզի դատի մեզ, այլ այն Աստծո սիրո հղումն է մեզ: Աստված ասում է․ «Ես չեմ ուղարկել Իմ խոսքը, որպես սուր, որ սպանի, այլ որպեսզի քանդի սատանայի գործերը: Ես չեմ ուղարկել Իմ խոսքը, որպես օձ, որ ձեզ խայթի, այլ որպես ձուկ, որ ձեր ոսկորներին և հավատքի կյանքին ամրություն բերի: Ես չեմ ուղարկել Իմ խոսքը որպես քար, որ մարդիկ ծամեն, ծամծմեն և այդպես էլ չծամեն, այլ որպես հաց, որ կերակուր լինի ձեզ»:
Մեր կոչումն Աստծուն փառաբանելն ու ծառայելն է, մենք կանչված ենք երկրպագելու Նրան: Որքան էլ սատանան փորձի ցածրացնել կնոջը, Աստված բարձրացնում է կնոջը, օծում նրան և ասում է. «մարգարեացի՛ր քո կյանքի և եկեղեցու վրա»: Երբ կրոնը, ավանդույթներն անարգում և ցածրացնում են կնոջ դերը, Աստված ինքը վերցնում է նրան և օծում, բարձրացնում է Էսթերի նման:
Հիսուսը կարող էր ծնվել այլ կերպ, բայց Աստված ընտրեց դրա համար իր ստեղծած լավագույն անոթը` կնոջը, Փրկչին ծնելու համար: Առաջինն ում Հիսուսը հայտնվեց հարությունից հետո, նույնպես կին էր և հենց այդ կինն առաջինը վկայեց այն մասին, որ Հիսուսը կենդանի է:
Հիսուսն ընդունում է մերժվածին, որովհետև Նա բարի Աստված է: Կարևոր չէ ինչ են ասում ձեր մասին մարդիկ, սովորույթները, ձեր անցյալը, կարևոր է, թե ինչ է ասում ձեր մասին Աստվա՛ծ, դուք թանկագին մարգարիտ եք Աստծո համար:
Նա գիտի ձեր բոլոր ճանապարհները, գիտի երբ եք գալու Իր մոտ և Նա սպասում է ձեզ: Սատանայի յուրաքանչյուր գայթակղություն, փորձություն մեզ ավելի ու ավելի է մղում Հիսուսի գիրկը: Աստծո համար խնդիր չեն ու կարևոր չեն ձեր անցյալի սխալները, Նա ձեզ համար պատրաստել է օրհնյալ ապագա: Նա հոգ չի անում ձեր ունակությունների համար, որովհետեվ ուղարկել է Իր Սուրբ Հոգին, ձեզ ունակ դարձնելու անել անկարելին: Վստահե՛նք Աստծուն:
Երբ մենք հանդիպում ենք Հիսուսին, մենք տեսնում ենք մեր մեղավոր լինելը, բայց երբ Նա ներում է, մեղավորության զգացումը հեռանում է: Հաճախ նայելով մեղքին ու խնդրին՝ մենք Աստծուն համոզում ենք ասելով. «Տեր դու չգիտես, թե որքան խորն է իմ խնդիրը, դու չգիտես թե ինչքան մեղավոր եմ ես, չգիտես թե ինչքան հոգնած եմ ես...»:
Բայց Տերը գիտի ամեն բան և Նա ունի պատասխան, լուծում, անկախ խնդրի ձևից և խորությունից: Դավիթը երգում է. «Խորը փոսից Դու ինձ հանելու ես և ես օրհնելու եմ քեզ»: Մենք անցնում ենք դժվարությունների միջով, որպեսզի կարողանանք հասկանալ և օգնել նրանց, ովքեր կհայտնվեն նման դժվարությունների մեջ:
Երբ մենք սիրո սով ենք զգացել, ինքներս ենք սկսել սիրել ուրիշներին: Երբ կարիք ենք զգում, որ մեզ հասկանան, ինքներս ենք սկսում հասկանալ ուրիշներին: Մենք չենք ընկնում գայթակղություններից, դժվարություններից, որովհետև մի օր մեր վերքերով կբժշկվեն ուրիշները, ինչպես մենք բժշկված ենք Հիսուսի վերքերով:
Այո, սատանան գիտի ձեր վախերը, քանի-որ նա է դրանց հեղինակը, բայց եթե դուք գիտեք, թե ով եք Քրիստոսի մեջ, նա չի կարող ձեզ հալածել:
Թույլ մի՛ տվեք, որ անցյալը, մեղքը և վախը խոսեն ձեզ հետ, այլ բացեք ձեր բերաններն ու ասեք, թե ով եք դուք Աստծո մեջ, հռչակե՛ք Աստվածաշնչյան խոստումները ձեր կյանքում և դրանք կիրականանա՛ն:
Երբեք թույլ մի՛ տվեք, որ ձեզ ստորացնեն, սիրելի քույրեր, իմացեք, թե ով եք դուք Քրիստոսի մեջ:
Կարծիքներ և տպավորություններ ծառայությունից
Այսօրվա խոսքը բարձրացնող էր։ Հասկացանք, որ մեծ իշխանություն ունի կինն ընտանեկան շատ իրավիճակներ փոխելու համար:
Արմինե Բաղումյան
Այսօրվա Խոսքն ազատագրող էր: Ազատվեցի վախից և դուրս եմ գալիս շատ թեթևացած:
Գայանե Խուջարյան
Այսօր ևս մեկ անգամ ինձ հիշեցրին, որ ես գեղեցիկ եմ, որ ունեմ մեծ պոտենցիալ, որի մասին հաճախ մոռանում եմ դժվարությունների մեջ, և երազանքներս հարություն առան:
Դիանա Կարապետյան
Այսօրվա խոսքը ոգևորեց մեզ, պարգևեց կյանք, սեր, ուրախություն:
Արմենուհի Ղարագյոզյան
Զգացի, որ զորացա, Սուրբ Հոգին իջավ ինձ վրա և ապրեցի բժշկություն: Շնորհակալ եմ Տիրոջից:
Արեգնազ Գրիգորյան
Կենդանի էր խոսքը և Տիրոջ ներկայությունը: Ստացա շատ հարցերի պատասխաններ, հասկացա, որ ոչ միայն անցյալի սխալները, այլ նաև անցյալի հաջողությունները կարող են խանգարել մարդուն առաջ շարժվել և մտնել էլ ավելի մեծ օծության մեջ: Ազատվեցի անցյալի բեռից և ստացա մի հրաշալի նոր օծություն, խոստումներ և հաստատություն Տիրոջից: Ինչպես նշեց հովիվը. մենք կանչված ենք Տիրոջը երկրպագելու և ծառայելու, իսկ օծությունը, զորությունը և պլանը Տերն ինքը կտա:
Շնորհակալություն Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, իր խոսքի և բոլոր հավատարիմ ծառաների համար:
Մայա Ստեփանյան
Լիլիթ Ստեփանյան և Մայա Ստեփանյան`
հատուկ newgeneration.am-ի համար
Կարծիքներ (1)
Maya
Dec 28, 2014 | 00:47
shnorhakalutyun