Հավատի փորձություն
«Ֆինանսական մեծ դժվարության մեջ էի»,- պատմում է եկեղեցու հավատարիմ հետևորդ Արմեն Պողոսյանը:
«Երբ փոքր աշխատավարձով աշխատանքի տեղավորվեցի, սկզբում ափսոսացի տասանորդ տալը՝ ծախսերս շատ էին: Բայց հանկարծ մի միտք եկավ, որ Տիրոջ հասանելիքը ոչ մի կապ չունի աշխարհի ծախսերի հետ, հարկավոր է տալ Ատծունը՝ Աստծուն: Հիմա իմ աշխատավարձն այնքան է, որ միայն տասանորդն ավելի շատ է, քան այն ժամանակվա աշխատավարձս»: Հոկտեմբերի 4-ի ծառայության սկզբում այսպիսի հրաշալի վկայությամբ հանդես եկավ Արմեն եղբայրը:
Պատգամախոսն այսօր Սուսաննա Հարությունովան էր:
«Հիսուսը չասաց, թե փորձություններ ու դժվարություններ չեն լինելու: Նա ասաց, որ մեր հավատքն է մեր հաղթությունը:
Աստված թույլ չի տալիս, որ մեր ուժերից վեր փորձություններ հանդիպեն մեզ: Երբ փորձության ենք ենթարկվում, լաց ենք լինում, աղաղակում ենք Աստծուն, փնտրում ենք Նրան: Դրանով մենք ավելի ենք հզորանում: Փորձությունները կոփում ու զորացնում են մարդուն: Այդպիսով Աստված մարդուն պատրաստում է ուրիշ հազարներին դեպի փրկություն առաջնորդելուն:
Մովսեսը, քառասուն տարի շրջելով անապատում, հավատում էր, որ Աստված պահում է իրեն: Նա գիտեր, որ անապատում փորձվում է իր հավատը: Մովսեսն իմացավ իր կոչման մասին և միլիոնավոր մարդկանց առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր: Մովսեսը գիտեր, որ Աստված իր հետ է:
Դժվարությունների ու փորձությունների մասին Աստված ասում է՝ մի՛ վախեցիր, Ես քեզ հետ եմ:
Մեր կյանքի փորձությունները զորացնում են մեր հոգին: Մենք հավատում ենք, որ եթե հավատով հաղթահարենք մեր կյանքի փորձությունները, ապա երբ գա Հիսուսը, մենք մեր հավատարմության դիմաց կարժանանք գովասանքի և պարգևի:
Աստվածաշնչում շատ են օրինակները, երբ մարդիկ կարողանում են հաղթահարել դժվարությունները, եթե առաջնորդվում են Աստծո Խոսքով: Խնդիրները պետք է լուծել, ոչ թե շրջանցել:
Դու երբեմն ասում ես, որ գալիս ես եկեղեցի, աղոթում ես, ապաշխարում ես բոլոր մեղքերի համար, բայց քո խնդիրը չի լուծվում, այլ բազմապատկվում է: Ուրախացի՛ր. սատանան առավել դաժան հարձակումներ է գործում նրանց վրա, ովքեր հավատարիմ են Տիրոջը:
Ամենը, ինչ պահանջվում է քեզնից՝ հավատն է: Հիսուսը քո փոխարեն լուծել է բոլոր խնդիրները, բժշկել է հիվանդությունները, հաղթահարել է դժվարությունները:
Եթե հոգնած ես, հիասթափված ես կամ հիվանդ, Աստված կարող է քեզ տալ հանգստություն, հույս և բժշկություն: Դու միայն հավատա»:
Սեփական լրատվություն