Հավիտենական կանչ՝ «Գնա՛ խաղաղությամբ»
«Նոր սերունդ» եկեղեցին, լինելով ավետարանական հավատքի եկեղեցի, մկրտությունը կատարում է միայն մկրտվողի անձնական որոշման դեպքում, երբ մարդը չափահաս տարիքում հավատում է Հիսուս Քրիստոսին և, գիտակցելով երևույթի ողջ հոգևոր նշանակությունը, որոշում է կայացնում ապաշխարել ու հետևել Հիսուսին իր կյանքի բոլոր օրերում:
Սակայն ամեն տարի, տարեկան երկու-երեք անգամ եկեղեցում կատարվում է մանուկների ընծայումը Աստծուն: Սեպտեմբերի 25-ին նույնպես մեկ տասնյակից ավելի երեխաներ ընծայվեցին Տիրոջը: Եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը օծեց նրանց յուղով և ամբողջ եկեղեցին հովվի առաջնորդությամբ աղոթեց մանուկների համար:
Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր հավատին և աստվածային մտածելակերպի բացահայտմանը:
Աստծո Խոսքը ճշմատություն է: Աստծո Խոսքը կառուցում է մեր կյանքը: Աստծո Խոսքը մեր կյանքի սցենարն է: Հիսուսը բացեց մեր աչքերը, որպեսզի ճշմարտությունը ճանաչելով քայլենք ճիշտ ճանապարհով: Ինչպես մտածում է մարդը, այպես էլ ապրում է:
«Ձեր ամեն մէկը թող այն մտածէ, որ էլ Քրիստոս Յիսուսումն էր. Որ Աստուծոյ կերպարանքումը լինելով, յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»: Փիլ.2:5-8:
Իր էությամբ Հիսուսը նույնն է, ինչ Հայր Աստվածը: Սակայն Աստված լինելով, չշտապեց Իրեն ցույց տալ որպես Աստված, այլ Իր անձը ունայնացրեց՝ համարեց ոչինչ, ավելին՝ ծառայի կերպարանք առավ և հնազանդորեն ընդունեց մահը:
Հիսուսի անըմբռնելի էության մասին է խոսվում Ղուկաս 7:36-50 համարներում նկարագրված դրվագը: Փարիսեցին Հիսոսին հյուր կանչեց, ավելի ճիշտ՝ աղաչեց, որ իր հետ հաց ուտի: Բայց փարիսեցու տանը Հիսուսի ոտքերը չլվացին, գլուխը չօծեցին, չպատվեցին Նրան: Փարիսեցու նպատակը Հիսուսին մեծարելը չէր, Փարիսեցու նպատակն էր ցույց տալ, թե ինքը Ում հետ կարող է սեղան նստել: Հիսուսը դրանից չնեղսրտեց: Նա, ով հնազանդորեն գնացել էր մահվան, այն էլ խաչի մահվան, չէր կարող նեղսրտել, որ իրեն չպատվեցին:
Բայց մեղավոր կինը ինչ-որ բան տեսավ Հիսուսի մեջ: Նա եկավ ու պատվեց Հիսուսին: Նրա արցունքները թափվեցին Հիսուսի ոտքերին, և կինը իր մազերով սրբեց դրանք: Հետո սկսեց համբուրել ոտքերը: Դա բոլորին տարակուսանքի մեջ գցեց: Բայց նրանք լռում էին, որովհետև Հիսուսն Ինքն էր լռում: Փարիսեցին իր մտքում մեղադրում էր կնոջը և Հիսուսին: Նա չէր փորձում հասկանալ նրանց:
Մարդու փարիսեցիական էությունը միշտ մեղադրում է՝ «դու մեղավոր ես», «դու ստախոս ես», «դու շնոցող ես», «դու գող ես»…
Բայց Հիսուսն ուներ Աստվածային մտածելակերպ: Նա հասկանում էր կնոջը:
Մարդուն պետք է հասկանալ, ընկալել, թե ինչու է այս կամ այն արարքը գործում:
Վերջապես գտնվեց մեկը, որ հասկացավ մեղավոր կնոջը: Հիսուսը չմեղադրեց, չդատեց նրան: Ընդհակառակը, Հիսուսը բարձրացրացրեց , համեմատելով նրան օրենքի ներկայացուցչի` փարիսեցու հետ, մատնանշելով նրա սրտի մեջ բնակվող մեծ սերը:
Հիսուսը կնոջը ասաց. «Քո հավատքը ապրեցրեց քեզ: Գնա խաղաղությամբ»: (Ղուկ.7:50):
Երբ մարդ իր սրտում ունի Հիսուսին, երբ ունի Հիսուսի մտածելակերպը, նա կարող է գնալ խաղաղությամբ: Այլևս նրա հոգի չի փոթորկվի մեղքերից:
Ունեցի՛ր Հիսուսի մտածելակերպը: Մի՛ շտապիր մեղադրել մարդուն` դու չգիտես նրա կյաքը, նրա անցյալը: Մեղադրելով դու միայն կկոտրես նրան ու կդրդես ավելի մեծ մեղքի:
Փորձիր հասկանալ մարդկանց, ընդունել, ներել ու սիրել, ինչպես Հիսուսը:
Սեփական լրատվություն