Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիները լուրջ մտահոգություն են հայտնում

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիները լուրջ մտահոգություն են հայտնում

Սեպտեմբերի 6-ին Երևանի «Էմմանուէլ» ավետարանական եկեղեցու շենքում տեղի ունեցավ Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը, որի մասնակիցների կողմից ընդունվեց միասնական հայտարարություն «Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության»: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովը`

1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ`

ա. ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc), ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը:

Դրանով իսկ տեղ է թողնվել հիշյալ օրենքի 4-րդ, 8-րդ, 18-րդ հոդվածներում ամրագրված միջազգային իրավունքի գերակայությանը, որի վտանգավորու­թյան մասին արդեն խոսվել է ս.թ. հուլիսի 22-ի Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվների հայտարարության մեջ:

բ. Այլասերվածությունները մեր հասարակական կյանքում ավերածություններ են անում` մտնելով հայ մշակույթ`

-   սեռական արատների մասին հեռուստատեսային «հումորային» հաղորդումների,

-   արյունապղծություն և մանկապղծություն քարոզող «գրական» գործերի,

-   հայկական կինոփառատոնի շրջանակում միասեռականություն քարոզող ֆիլմերի միջոցով (ի դեպ, դրանցից մեկը շարունակաբար ցուցադրվում է կինոթատրոններում):

գ.  Սեպտեմբերի 14-21-ին «Գենդերային հեռանկարները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ժամանելու տարբեր երիտասարդական կազմակերպությունների փորձագետներ, որոնց նպատակն է «համախմբել տարբեր եվրոպական և հայկական կազմակեր­պությունների և նպաստել գենդերային հավասարության բնագավառում իրենց համագործակցության զարգացմանը»: Այն ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Եվրոպական Հանձնա­ժողովի «Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի կողմից» (http://robbie-raul.blogspot.com/2013/08/hraparakam.html):

Ի դեպ, հիշյալ շարժման ծրագրային նպատակներից մեկը սեռական կողմնորոշման խտրականության կանխումն է (http://adukatar.net/wp-content/uploads/2009/12/Adu_8_Pages_11-14.pdf):

2. Հաստատելով, թե Նոր Կտակարանում համասե­ռամոլությունը դատապարտվում է որպես մեղք (Թուղթ Հռոմեացիներին 1.24-27: Ա Տիմոթեոս 1.9,10: Ա թուղթ Կորնթացիներին 6.9,10), մերժում է իրենց քրիստոնեական համարող «եկեղեցիների»` միասեռական «ամուսնություններն» ընդունելու դիրքորոշումը:

Մինչդեռ Ճշմարիտ եկեղեցին այսօր էլ կոչված է մեղքի իշխանության տակ գտնվողներին բերել Քրիստոսին` ազատագրվելու, վերածնվելու և սրբացման կյանքով ապրելու (Ա թուղթ Կորնթացիներին 6.11: Եփեսացիներին 2.1-6: 4.21-24: Կողոսացիներին 3.5-10):

 3. Մի անգամ ևս դիմում է `

ա. Մեր հավատավոր հայրենակիցներին` բարձրացնելու քաղաքակրթության փրկության և քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.

բ.  Հայ հասարակայնության բոլոր խավերին` ըստ ամենայնի պաշտպանելու անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալու այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը.

գ.  Հայրենի իշխանություններին` օրենսդրական և գործադիր ոլորտ­ներում, ինչպես նաև միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգևոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության և մյուս այլասերվածու­թյունների քարոզչության արգելման օրենք:

Մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի և Հայաստան երկրի շինության համար առ Աստված աղոթքով և

Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների ծառայողական համաժողովի անունից`

 Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան

Եպիսկոպոս, վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան

Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան

Վերապատվելի, դոկտ. Ռաֆայել Գրիգորյան

Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան

Վերապատվելի, դոկտ. Սամվել Նավոյան

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ