Ահա ինչպես անցավ մեր «High Five» երեկոն
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ երկար սպասված «High Five» երիտասարդական միջոցառումը:
«Նոր սերունդ» եկեղեցու կազմակերպչական թիմն ակտիվորեն պատրաստվել էր, որպեսզի երեկոն անցներ անմոռանալի, հետաքրքիր ու զարմանահրաշ պահերով:
Միջոցառումը սկսվեց ջերմ բարևներով ու «high five» զարկերով:
Շփումը, ծանոթություններն ու կարոտած զրույցները շարունակվեցին անզուգական, համեղ հյուրասիրության ներքո:
Ինչպես երեկոյի ընթացքում նշեց Տիգրան Թադևոսյանը՝ ներկայիս երիտասարդությունը շատ տաղանդավոր է և աչքի է ընկնում իր ամենատարբեր շնորհներով:
Դրա վառ ապացույցն էին մեր երիտասարդներից մի քանիսը, ովքեր հանդես եկան իրենց կատարումներով, սրտից բխած ստեղծագործություններով ու սիրված երգերով:
Բացահայտվեց ևս մեկ տաղանդ, որի համար բավական շատ ճկունություն, ուշադրություն ու աշխատանք է պահանջվում. մեր սիրելի Գուրգենը հիացրեց բոլորին իր ֆոկուսներով ու հնարներով:
Երեկոն շարունակեց Գոռ Կարապետյանը՝ առաջարկելով խոսել հաջողության մասին:
Երբևիցե մտածե՞լ եք Ալբերտ Էյնշտեինի հետևյալ խոսքերի մասին. «Մի ձգտեք հասնել հաջողության, ձգտեք, որ ձեր կյանքն իմաստ ունենա»։
Ո՞րն է հաջողության գրավականը, ինչպիսի՞ հաջողության ես ձգտում դու և ինչպե՞ս կարող ես հասնել դրան:
Երիտասարդներից շատերը կիսվեցին իրենց կարծիքներով ու փորձառություններով, որոնց հիման վրա ձևավորել էին իրենց պատկերացումները՝ հաջողության և դրան հասնելու մասին:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը ամփոփեց թեման ու առաջարկեց ավելի գլոբալ ձևով նայել երևույթին:
Մարդու ֆիզիկական գոյությունը մի օր ընդհատվում է, ինչպես նաև այն բոլոր հաջողությունները, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական կյանքի ընթացքում:
Բայց չմոռանանք մտածել, թե արդյո՞ք Ղազարոսի նման հաջողակ կգտնվենք, որպեսզի ժառանգենք մեծագույն ուրախությունն ու հաջողությունը՝ երկնքի արքայությունն ու հավիտենական կյանքը: