Հնազանդությունը Աստծո իշխանության հաստատումն է
Աստված ստեղծեց մարդուն և իշխանություն տվեց ամեն բանի վրա (Ծնն.1:28): Սակայն մեր ժամանակներում մարդը կորցրել է այդ իշխանությունը: Այն չի իրականանում, չի գործում: Ինչո՞ւ, ի՞նչ է կատարվել:
Աստված մեզ ստեղծել է ազատ կամքով: Նա ուզում է, որ մենք սիրենք Իրեն: Բայց նա ուզում է, որ այդ սերը չլինի ստիպողական, այլ լինի մեր ազատ կամքով:
Աստված մարդուն ամեն բան անելու ազատ կամք տվեց: Ու թեև Նա ասաց մարդուն, որ չուտի արգելված պտուղից, բայց այն ուտելու ազատություն նույնպես տվեց: Մարդը չհնազանդվեց Աստծո Խոսքին, կերավ արգելված պտղից և զրկվեց իշխանությունից: Իշխանությունն անցավ սատանային:
Ում հնազանդվես, նա էլ կիշխի քեզ վրա: Հնազանդվել Աստծուն՝ նշանակում է հաստատել Նրա իշխանությունը քո կյանքում:
Աշխարհի ամենամեծ մեղքն այն է, երբ մարդը չի հասկանում, թե ինչ արեց իր համար Հիսուսը: Հիսուսն Իր մահով, Իր արյամբ սատանայից վերցրեց մեր հափշտակված իշխանությունը և վերադարձրեց մեզ:
Եթե կարողանանք վերցնել այդ հոգևոր իշխանությունը, ապա կիշխենք նաև նյութականի վրա, որովհետև հոգևոր աշխարհն ավելի իրական է, քան նյութականը:
Հիշի՛ր, ինչ էլ տեղի ունենա քո կյանքում, դա քո պատճառով է և քեզ համար: Ուրիշին մեղադրելով ոչինչ չի փոխվի, ընդհակառակը՝ խնդիրն ավելի կսրվի:
Բայց եթե մտնես աղոթքի սենյակն ու հարցնես, թե ո՞րն է տեղի ունեցածի պատճառը և ինչպե՞ս կարելի է այն վերացնել, Սուրբ Հոգին կբացահայտի դա, կսովորեցնի դրա դեմ պայքարելու ճանապարհները, դու իշխանություն ձեռք կբերես և քո կյանքը կփոխվի: Մենք ուզում ենք ընդունել իշխանության պարգևը, բայց հաճախ չենք ուզում գին վճարել դրա դիմաց:
Այդ գինը աղոթքն է և հնազանդությունը քո Տեր Աստծուն: Հնազանդվի՛ր Աստծուն, և Նա քեզ իշխանություն կտա ամեն բանի վրա:
Փետրվարի 28-ին այսպիսին էր «Նոր սերունդ» եկեղեցու հյուրի՝ Ռիգայի «Նոր սերունդ» եկեղեցու ավագ ծառայող, ավետարանիչ Այգարս Բիթանսի քարոզի էությունը:
Սեփական լրատվություն