Հնձել այն, ինչի համար չես աշխատել
Օրհնության հասնելու տարբեր ճանապարհներ կան: Դրանցից լավագույնը ավետարանչությունն է:
Բոլորն ունեն Հիսուսի կարիքը, և Հիսուսը սիրում է բոլորին: Նա մարդուն նայում է ոչ թե որպես ընկած, այլ բարձրացող, ոչ թե որպես մեղավոր, այլ արդարացված: Ջրհորի մոտ մեղավոր կնոջ հետ խոսելուց հետո Հիսուսն Իր աշակերտներին ասաց.
«Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չ’գիտէք»: Հովհ.4:32:
Աշակերտների համար անհայտ էր, թե ինչ կերակուրի մասին է խոսքը: Եվ Հիսուսը պարզաբանեց.
«Իմ կերակուրը նա է, որ Ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ»: Հովհ.4:32:
Իսկ ո՞րն է Նրան ուղարկողի կամքը, ի՞նչ գործի մասին է ասում Հիսուսը: Աստծո կամքն այն է, որ մարդիկ փրկվեն, չգնան դժոխք, հավիտենական կյանք ունենան:
«Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակել են եւ արդէն հնձին հասել: Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան: Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը»: Հովհ.4:35-37:
Դու ոչինչ չես արել քո փրկության համար, սերմանողը դու չես, բայց դու պետք է հնձես այն, ինչի համար չես աշխատել.
«Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. Ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք»: Հովհ.4:38:
Մտնելով այդ գործի մեջ, դու դառնում ես դրա բաժնետեր ոչ թե մի քանի տոկոսով, այլ ամբողջությամբ. «Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան»:
Սա հենց օրհնությունն է, որին դու արժանանում ես ավետարանչության շնորհիվ: Հիսուսը քեզ առաջարկում է Իր հետ լինել բաժնետեր: Եթե դու իմանայիր, թե ինչ պարգևներ են սպասվում քեզ, դու ինքդ կխնդրեիր Հիսուսին լինել իր բաժնետերը:
«Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին»: Ղուկ.12:8:
Հրեշտակների գործը քեզ ծառայելն է: Եթե դու Աստծո մասին պատմես մարդկանց, Հիսուսն էլ քո մասին կպատմի հրեշտակներին, և նրանք կսկսեն ծառայել քեզ: Սա է այն օրհնությունը, որ գալիս է ավետարանչության շնորհիվ:
Հիսուսը ոչ միայն փրկել է քեզ: Հիսուսը քեզ կանչում է մասնակից լինելու Իր գործին:
Տիգրան Թադևոսյանի 27.10.2019թ. կիրակնօրյա պատգամից: