Հոբելյանական տարին
Հովվի ծննդյան օրը միշտ մեծ ցնծությամբ են նշել «Նոր սերունդ» եկեղեցում: Իսկ այս տարի առավել մեծ էր ուրախությունը, որովհետև նշում էին հովվի հիսուն ամյակը: Կիրակի օրվա ծառայության սկզբում ավագ ծառայող Նարինե Գասպարյանը եկեղեցու անունից շնորհավորեց սիրելի հովվին: Ամբողջ եկեղեցին, տոգորված ջերմ սիրով ու երախտագիտությամբ, օրհնեց սիրելի հովվին ու աղոթեց նրա համար:
Կիրակնօրյա պատգամախոսը՝ Սուսաննա Հարությունովան, քարոզի թեման ընտրել էր օրվա խորհրդին համապատասխան: Քարոզի թեման էր՝ «Հոբելյանական տարին»:
Հին Կտակարանում Աստված Իր ժողովրդին պատվիրում է յուրաքանչյուր հիսուներորդ տարին հռչակել որպես հոբելյանական տարի: Այդ տարիները հաշվարկվում են Քանանի երկիրը մտնելու տարվանից: Ըստ որոշ հրեա րաբբիների, հոբելյանական տարի լինելու է յոթանասուն անգամ: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին սկսվել է վերջին՝ յոթանասուներորդ հոբելյանական տարին:
Ո՞րն է հոբելյանական տարվա իմաստը:
1. Հռչակելով հոբելյանական տարին, Աստված ցույց տվեց, որ բոլոր մարդիկ Իր առաջ հավասար են, անկախ այն բանից, հարո՞ւստ են, թե՞ աղքատ, հող ունե՞ն, թե՞ ոչ, հայտնի՞ են, թե՞ անհայտ: Աստծո շնորհը հավասար է բոլորի համար:
2. Աստված թույլ չի տալիս, որ մեկը հարստանա մյուսի հաշվին: Գերությունից ազատվում են բոլորը:
Ուրեմն այս տարիները ազատության և համաներման տարիներ են:
Հոբելյանական տարին գործում է իմ, քո, բոլորի համար: Այդ տարին Հոր բարեհաճությունն է: Նա սիրեց աշխարհը և հանուն դրա տվեց Իր Միածի Որդուն (Հովհ.3:16): Աստված սիրեց այն աշխարհը, որը խաչեց Իրեն, որը քացախ տվեց, երբ Ինքը ծարավ էր: Աստված սիրում է քեզ այնպես, ինչպես դու կաս: Նա վերցրեց քո մահը ու քեզ տվեց Իր կյանքը: Աստված ուզում է, որ դու էլ ներես: Ներես քո եղբորը ոչ թե յոթ անգամ, այլ օրական 70 անգամ յոթ անգամ:
Սեփական լրատվություն