Հովիվ Տիգրան Թադևոսյանի այցը բալթյան երկրներ
«Նոր սերունդ» եկեղեցու կայքը հաղրոդել էր, որ եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն այս օրերին, ավարտելով ծառայությունները ՌԴ Իժևսկ քաղաքում, մեկնել է Լատվիա:
Լատվիայից հովիվը 7 հոգուց կազմված պատվիրակության կազմում մեկնել է Էստոնիա՝ մասնակցելու տեղի մկրտական եկեղեցու կազմակերպած համաժողովին՝ «Տերն է թագավորում» խորագրով: Ներկա էին հովիվներ տարբեր հարանվանություններից: Ջերմ ընդունելությունից հետո տեղի է ունեցել երեք ծառայություն, որի ընթացքում հովիները խնդրում էին աղոթել իրենց համար, որպեսզի Աստված նոր օծություն տա իրենց: Հովիվներից մեկն անգամ արցունքն աչքերին էր խնդրում նոր օծությունը: Սա նոր Հոգու քամի էր իրենց համար:
Էստոնական համաժողովից հետո՝ շաբաթ օրը, պատվիրակությունը վերադարձել է Լատվիա: Կիրակի օրը հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայել է Ռիգայի «Նոր սերնդի» «Կենտրոն» եկեղեցում, որտեղ հովվություն է անում Օլգա Լեդյաևան:
Ծառայությունը նվիրված է եղել Աստծո խաղաղությանը: Հովիվը ներկայացրել է սեփական կյանքի վկայությունը՝ կապված Հայկուհի Բաբայանի հետ: Սուրբ հոգու հզոր ներկայությամբ Տերը մխիթարում ու խաղաղություն էր պարգևում ներկաներին:
Բազմաթիվ վկայություններ պատմում էին այդ ցնցող ծառայության մասին: Վերջում հովիվն աղոթել է գրեթե ամբողջ եկեղեցու համար: Մարդիկ հպվում էին Սուրբ Հոգուն և լցվում Աստծո խաղաղությամբ:
Ծառայությունից հետո Հովիվ Տիգրան Թադևոսյանին սպասում էր հովիվ Ալեքսեյ Լեդյաևը: Երկու հովիվներն առանձին հանդիպման ընթացքում քննարկել են «Նոր սերունդ» եկեղեցու ներկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:
Կազմվել է հետագա համագործակցության և փոխադարձ ծառայությունների ծրագիր առաջիկա երկու տարիների համար:
Շուտով Հովիվ Տիգրան Թադևոսյանը կվերադառնա հայրենիք:
Սեփական լրատվություն: