Հրաժարվիր թերահավատության ցեղից
«Նոր սերունդ» եկեղեցու հյուրն այսօր Վոլգոգրադի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ, մեր հայրենակից Գրիգոր Բադալյանն էր: Հզոր աղոթքից ու անկեղծ երկրպագությունից հետո հովիվ Գրիգորը կիրակնօրյա պատգամով դիմեց եկեղեցուն:
Այսօր վտանգված է առաջին հերթին քրիստոնյաների հավատքը: Սաստկացել են հոգևոր հարձակումները: Հիսուսն ասաց. «Երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա» Ղուկ.18:8: Այս խոսքը վերաբերվում է մեզ, մեր սերնդին: Հայտնության գրքում ասվում է, որ մարդիկ գլխատվում էին հանուն Հիսուսի վկայության: Իսկ մենք պատրա՞ստ ենք գլխատվել հանուն Հիսուսի անվան: Բավարա՞ր է մեր հավատքը դրա համար:
Մաթևոսի Ավետարանի 17:14-20-ում նկարագրված է, թե ինչպես մի մարդ բողոքեց Հիսուսին, որ Իր աշակերտները չկարողացան բժշկել իր որդուն: Երբ Հիսուսը բժշկեց նրա որդուն, այս անգամ էլ աշակերտները հարցրին, թե մենք ինչու՞ չկարողացանք հանել այդ դևին: Սա նույնպես բողոք էր: Հիսուսն էլ պատասխանեց՝ Ձեր թերահավատության պատճառով: Եվ ավելացրեց՝ այս ցեղը միայն ծոմով ու աղոթքով է դուրս գալիս: Ո՞ր ցեղը, դևի՞: Ոչ, թերահավատության:
Աշակերտները չկարողացան բժշկել տղային, որովհետև ազգը խոտորված էր: Երբ կյանքում գալիս է թերահավատությունը, դրան հաջորդում է անհավատությունը: Դրանից հետո մարդիկ դառնում են խոտորյալ:
Պետք է հրաժարվել թերահավատությունից: Եկեղեցին պետք է իմանա, որ ինքն ավելի մեծ է, քան դևերը: Եկեղեցին պետք է ծոմ վերցնի, աղոթի ու դեն նետի թերահավատությունը: Միայն հավատով կարելի է քանդել սատանայի կառուցած ամեն պարիսպ:
Աղոթիր, դեն նետիր թերահավատությունդ, հռչակիր հավատք, գերբնական հավատք, Աստծո կողմից տրված հավատք:
Ու կհաղթես:
Սեփական լրատվություն