Հռոմի պապը երիտասարդներին կոչ է արել չվախենալ հոսանքին հակառակ գնալուց
Կիրակի երեկոյան Հռոմի Ֆրացիսկոս պապն ավարտեց Բրազիլիա կատարած այցը, որտեղ նա մասնակցում էր Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվան:
Օդանավակայանում պապը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և ուխատգնացներին: «Ես մեկնում եմ և իմ հոգին լցված է երջանիկ հիշողություններով: Այդ հիշողությունները կվերածվեն աղոթքների: Ես կկարոտեմ մեծ սիրտ ունեցող այս ժողովրդին»,- ասել է պապը իրեն ճանապարհելու արարողության ժամանակ: «Ես մտածում եմ երիտասարդների մասին, ովքեր դարձել են այս հանդիպման շարժիչ ուժը: Թող Աստված օրհնի ձեզ»,- շարունակել է նա:
Պապը կոչ է արել երիտասարդներին «չվախենալ հոսանքին հակառակ գնալուց»: «Հոսանքին հակառակ գնալու համարձակություն ունեցեք: Ազատվագրվեք անցողիկի մշակույթից: Եվ վերջինը՝ աղոթե՛ք ինձ համար»,-ասել է քահանայապետը:
Դիտորդները գտնում են, որ պապը խորապես գիտակցում է կաթոլիկ եկեղեցու առաջ ծառացած խնդիրները, այդ պատճառով աղոթքների կարիք ունի:
Հռոմի պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը ցույց տվեց, որ կաթոլիկ եկեղեցին ձեռք է բերել եռանդուն և շատ խարիզմատիկ առաջնորդ, ով չի խուսափում մարդկանց հետ կենդանի շփումներից և գրավում է մարդկանց արտաքին պարզությամբ և մատչելիությամբ: Այս ուղևորությունը հաստատեց հոգևոր առաջնորդի անտարբերությունը իշխանության ցուցադրական դրսևորումների նկատմամբ և պատրաստակամությունն ապրելու առանց ձևական պայմանականությունների:
Հաջորդ անգամ Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրերն անց են կացվելու Լեհաստանի Կրակով քաղաքում 2016թ.: Այս քաղաքում է իր ծառայությունը սկսել Հովհաննես-Պողոս 2-րդ պապը, ում նախաձեռնությամբ էլ սկսել են անցկացվել երիտասարդության կրոնական հավաքները:
Աղբյուր՝ invictory.org